Մենք ոչ թե Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն էինք արել, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանը դեկտեմբերի 6-ին շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ, մասնավորապես, խոսել արդարադատության մասին, որը եւս ունի ռազմավարական նշանակություն:

«2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն իրականացրած ժողովրդի ամենամեծ ակնկալիքն արդարությունն էր, կոռուպցիայի վերացումը Հայաստանի Հանրապետությունից: Ցավով արձանագրեմ, որ այդ ակնկալիքները շարունակում են մնալ իրենց տեղում, ինչը նշանակում է` դրանք իրականացված չեն, առնվազն, լիարժեք: Բայց ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ այդ ակնկալիքներն իրականացված չեն, արդյո՞ք նշանակում է, որ Կառավարությունը դավաճանել է հեղափոխության սկզբունքներին եւ արժեքներին»,- ընդգծել է երկրի վարչապետն ու այս համատեքստում խոսել արդարադատություն ու արդարություն հասկացությունների վերաբերյալ: Նրա խոսքով 2018 թվականի հեղափոխությունից հետո շատերն ակնկալում էին, որ տեղի է ունենալու հեղափոխական արդարադատություն:

«Մենք չգնացինք այդ ճանապարհով մի պարզ պատճառով. մենք ոչ թե Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն էինք արել, այլ սիրո եւ համերաշխության հեղափոխություն ու խոստացել էինք, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու: Սա կարեւոր նրբություն է, որովհետեւ ինչպես արդարությունը, այնպես էլ վենդետաների գործելակերպ չորդեգրելը, մեր հեղափոխական պարտավորությունն է ժողովրդի առաջ»,- արձանագրել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել. «Մեր մոտեցումը եղել եւ շարունակում է մնալ նույնը` արդարադատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատություն իրականացնելու, արդարադատություն հաստատելու իրավասություն ունեն եւ գործում են օրենքի ու Սահմանադրության հիման վրա: Արդարությունն ինստիտուցիոնալ երեւույթ է, եւ իմ համոզմունքը եղել եւ մնում է այն, որ այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, չի կարող լինել: Հակառակ դեպքում մեկն արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը` մյուսի ծնոտը ջարդելը, երրորդը` մյուսի բիզնեսում «փայ» մտնելը, չորրորդը` սեփականությունը ձեռքից առնելը: Սա ոչ միայն չի կարող լինել արդարություն, եթե նույնիսկ հանրային կարծիքով արդար համարվի, այլեւ պետության եւ պետականության խարխլման ուղիղ ճանապարհ է, պետություն ունենալու կամքի բացակայության բարձրագույն արգասիք»:

Գործադիրի ղեկավարը խոսել է ինստիտուցիոնալ արդարադատության հաստատմանն ուղղված Կառավարության քայլերից ու հավելել, որ այս հարցի պատասխանը եւս տալիս է ՀՀ պետական բյուջեն: Այս համատեքստում նա մանրամասն ներկայացրել է դատական համակարգի ֆինանսավորման ավելացումը, ոլորտում աշխատավարձերի էական բարձրացումները, խոսել համակարգի թերացումների, դատավարությունների ձգձգումների մասին:

«ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ եթե իր նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, ինքը, վստահաբար, արդարությունը պետական ինստիտուտների միջոցով վերականգնելու հնարավորություն ունի, եւ այդ զգացողությունն էական է մեր պետության, Հայաստանի Հանրապետության զարգացման շահերի տեսանկյունից»,- փաստել է վարչապետը:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել