Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հրապարակվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը։ Մի քանի օրից կլրանա Մամիկոն Ասլանյանի կալանքի տակ գտնվելու 2 տարին։
Հիշեցնենք, որ Մամիկոն Ալսանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրեն Աբովյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն:
Ըստ դատախազության՝ Արևհատ Հովհաննիսյանը ևս կատարել է նույնաբովանդակ արարք, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ասլանյանն իրեն առաջադրած մեղադրանքները չի ընդունում և բոլոր դրվագներով արդարացում է պահանջում։
Նշենք, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Ընդգծվել էր, որ հետընտրական գործընթացները կոպիտ կերպով ոտնահարում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրացումը:
Ըստ հայտարարության՝ իխշխող քաղաքական ուժի և իրավապահ մարմինների ոչ օրինական գործողություններով անմիջական ազդեցություն և միջամտություններ են տեղի ունեցել մի շարք համայնքներում անցկացված ընտրություններում և դրանից հետո: Այդպիսի ազդեցություններն ու միջամտությունները ցայտուն կերպով դրսևորվում են Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների հետընտրական գործընթացներում։