Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարությունը մեկնարկեց Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման ծրագիր և ծրագրի իրականացմանն ուղղված լայնամասշտաբ իրազեկման արշավ: Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ծրագրի պաշտոնական մեկնարկը, որը կրում էր «Ինչպե՞ս խթանել և ակտիվ օգտագործել Ազդարարման համակարգը» խորագիրը:
Ազդարարների վերաբերյալ հանրային բացասական վերաբերմունքի խնդրի մասին խոսեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին խմբի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը՝ նշելով, որ սխալ ընկալում կա ազդարարման համակարգի վերաբերյալ։ «Մենք ժառանգել ենք սովետական ժամանակաշրջանից եկած իրավամտածողություն, որ ազդարարները դիտարկվում են որպես «գործ տվողներ»։ Առաջին խնդիրը, որը պիտի կարողանանք հաղթահարել՝ այն է, որ կենցաղային խոսույթից սա պետք է դուրս գա։ Կարևորը, որ ընկալման փոփոխման սուբյեկտների կազմը պետք է լինի ոչ միայն շարքային քաղաքացին, այլև իրավապահ մարմնի ներկայացուցիչը, հանրային ծառայողը, որ վերջիններս հանրության հետ մեկ հարթության վրա լինեն և հակառակը, մենք պետք է կերտենք այնպիսի կերպար, որ ազդարարը ազնիվ և պետության համար մտածող քաղաքացին է»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։
Հակակոռուպցիոն փորձագետի խոսքով՝ կարևոր է հանրային իրազեկումը։ «Հանրամատչելի բոլոր եղանակնելով պետք է աշխատել մարդկանց հետ, տեղ հասցնել ազդարարման այն հնարավորությունների մասին, որն այսօր ՀՀ-ում գործում է, ազդարարման հարթակների մասին, որոնք կարող են ապահովել անձի և՛ անվտանգությունը, և՛ գաղտնիությունը։ Այսինքն, ազդարարը պետք է վստահ լինի, որ ազդարարման պարագայում իր թիկունքում պետությունն է կանգնած՝ իր անվտանգության երաշխիքներով և որևէ պարագայում նա չի կարող դառնալ վնասական գործողությունների և հաշվեհարդարի զոհ»,-մանրամասնեց փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։