«ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում լրացումներ են կատարվել, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 15-ին

ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 31-ին գրանցել է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 15-ին։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի համատեղ քննարկումների արդյունքում Կանոններում լրացումներ են կատարվել՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանման արդյունքում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը Հայաստանի Հանրապետության տարածք և ստեղծված սոցիալական իրավիճակի պայմաններում պարտադիր ապահովագրման պահանջի իրականացմանն աջակցելու՝ ապահովագրական ընկերությունների պատրաստակամությունը:

Մասնավորապես, սահմանվել է հետևյալը.

Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք եղած ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում պետք է հիմք ընդունվի 50 տոկոսի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար, եթե այդ ավտոտրանսպորտային միջոցը միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.

ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Արցախի Հանրապետությունում,
մինչև 2020 թվականի արտադրության է,
չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն,
սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։

Վերոհիշյալ պայմաններից օգտվելու համար համապատասխան ապահովադիրներից չի պահանջվում որևէ լրացուցիչ գործընթացների իրականացում կամ փաստաթղթերի ներկայացում. անհրաժեշտ է անցնել ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման նախատեսված ընդհանուր քայլերով և պայմանագրի կնքման համար վճարել գումար, որն արդեն իսկ հանդիսանում է ապահովագրավճարի 50 տոկոսը։

  • Նշված քայլերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այստեղ։
  • Մանրամասններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել