Ավելի շուտ էդ դեղերը ինքը կխմեր, քան կտար հորը. վստահեցնում է ամբաստանյալը

Ինչպես Իրավաբան.net-ն արդեն տեղեկացրել էր, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց քաղաքագետ Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի և Վարուժան Սաֆտալյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Ապացույցների հետազոտումից հետո դատարանը անցավ ամբաստանյալների հարցաքննությանը:

Առաջինը ցուցմունք տվեց ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանը:

«Ես այդ ամեն ինչը արել եմ մի բանում համոզված լինելով, որ Արսենն այդ քայլը չէր անի հաստատ. հորը չէր թունավորի: Իհարկե, մեղավոր եմ, որ չեմ ասել այդ քայլը մի արա, ուղղակի իրան հինգ հարյուր հազար դրամ փող էի պարտք, ուզում էի մի բանով օգնել, բայց Արսենին մանկուց եմ ճանաչել ու հարյուր տոկոս համոզված էի, որ նա նման բան չի անի»,- ասաց ամբաստանյալը:

Դատարանին տված ցուցմունքի ժամանակ նա նշեց նաև, որ տուժող Ռոբերտ Ավետյանը կնոջ գերեզմանի մոտ խոսք է տվել որդուն՝ Արսեն Ավետյանին, որ վերջինիս փող կտա՝ տղայի հետ Ռուսաստան գնալու համար. «Ես տեղյակ էի, թե այդ դեղահաբն ինչի համար է: Արսենն ասում էր, որ հորը սպանելուց հետո տունը, ինչպես նաև բանկում փողը կանցնի իրեն: Չնայած  էլի եմ կրկնում, որ վստահ եմ տենց բան չէր անի: Հոր խոստումից հետո տենց բան անելու իմաստ չկար»:

Արկադի Վարդանյանի պաշտպան Ռուբեն Կիրակոսյանի այն հարցին, թե ինչպես է ազալեպտին կոչվող  այդ դեղը ձեռք բերել, պատասխանեց. «Ես էդ դեղը գժից եմ վերցրել ու չգիտեմ էլ ինչ դեղ ա: Բայց իմանալով, որ գժի դեղ ա մտածեցի, որ հոգեմետ կլինի: Ես դեղը տվել եմ Արսենին Չեխովի դպրոցի մոտ գտնվող գետնացումի տակ»:

 Ամբաստանյալը դատարանին հայտնեց նաև, որ Արկադի Վարդանյանի հետ այնքան էլ լավ ծանոթ չէ: Միայն մի քանի անգամ տեսել է Արսեն Ավետյանի հետ, բայց առանձին չեն հանդիպել և որևէ խոսակցություն չեն ունեցել:

Նա դատարանին պատմեց նաև, որ երեք դեղահաբ Արսեն Ավետյանին տալուց հետո վերջինս ևս երեքն է ուզել, քանի որ մտավախություն  է ունեցել՝ գուցե քիչ լինի. «Ասեց, որ ինտերնետի միջոցով նայել ա ու մտածում ա, որ կարա քիչ լինի մարդուն սպանելու համար: Ես իրան էդ երեք հատը էլ չտվեցի, քանի որ արդեն մեջս կասկած մտավ: Նախորդ տալուց հետո արդեն հասկացել էի, որ արածս հիմարություն ա: Չնայած գիտեի, որ մեկա հորը չէր տա: Ավելի շուտ էդ դեղերը ինքը կխմեր, քան կտար հորը, քանի որ Արսենը շատ բարի մարդ ա»:

Դատական նիստի ավարտին հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Արկադի Վարդանյանը:

«Մեղադրող դատախազը փորձում է խեղաթյուրել իրականությունը ու ուղղորդող հարցեր տալ»:

Դատական գործի քննությունը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 15-ը:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել