Տուժողի խոսքով՝ երբ լսում է որդու անունը, մազերը բիզ-բիզ են կանգնում

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց քաղաքագետ Արկադի Վարդանյանին, Արսեն Ավետյանին և Վարուժան Սավդալյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Դատական նիստի ժամանակ հարցաքննվեցին գործով երեք վկաները՝ Էդուարդ Ասատրյանը, բժիշկներ՝  Ռուդոլֆ Գաբրիելյանը և Սամվել Քոչինյանը, ինչպես նաև տուժողը՝ 78-ամյա Ռոբերտ Ավետյանը:

Վկա Էդուարդ Ասատրյանը նախկինում թմրանյութ օգտագործելու համար դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Բանակում ստացել է հոգեկան շեղում, այդ իսկ պատճառով «Աղի հանքի» հոգեբուժարանում ստանում է ստացիոնար բուժում և մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ:  

Վկան պատմեց, որ տաքսու վարորդ Վարուժան Սավդալյանին տվել է իրեն նշանակված ազալեպտին դեղից երեք հաբ. «Վարուժանը միշտ Սարյանի արձանի մոտ էր կանգնում: Ես էդ դեղի մի հատը բաժանում եմ չորսը մասի նոր եմ խմում: Ինձ համոզեց, որ էդ երեք հատը տամ իրան: Ես էլ դրանք էլ չէի օգտագործում: Բժիշկն արդեն ուրիշ բան էր նշանակել: Մի ահագին ժամանակ մնացել էին մոտս ու հնացել: Ես էլ տվեցի: Ինքն ինձ փոխարենն  անվճար տուն հասցրեց, մի հատ գարերջուր առավ, մի հատ էլ համբուրգեր»

Ամբաստանյալ Արսեն Ավետյանի պաշտպան Գևորգ Մելքոնյանը միջնորդեց որպեսզի հրապարակվի վկայի նախաքննական ցուցմունքը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ հայտնելով, որ նախկինում տված ցուցմունքի և դատարանում ասածի մեջ կան էական հակասություններ:

Նախաքննության ժամանակ Էդուարդ Ասատրյանն ասել էր, որ բժիշկն իրեն խորհուրդ է տվել միայն խիստ լարված վիճակում խմել վերոնշյալ դեղի կեսը, իսկ մյուս բոլոր դեպքերում վկան պետք է խմեր մեկ քառորդը: Մեկ դեղահաբն ամբողջությամբ խմելու դեպքում հնարավոր է անգամ մահանար: Նախաքննական ցուցմունքի համաձայն՝ վկան այս ամենը պատմել է նաև տաքսու վարորդ Վարուժան Սավդալյանին: Մինչդեռ դատաքաննության ժամանակ ժխտեց ասածը:

 «Ինչ իմանամ կարող ա մի բան խառնել եմ»,- որպես պարզաբանում ասաց վկան և այնուամենայնիվ պնդեց դատաքննության ժամանակ հնչեցրած ցուցմունքը:

Վկա Ռուդոլֆ Գաբրիելյանը սրտաբան է: Ամբաստանյալներից ճանաչում է միայն Սրկադի Վարդանյանին:

«Ինձ զանգ էր տվել և ասել, որ այսպիսի մի դեղ կա, որի անունը հիմա չեմ հիշում: Ես դեղի հետ ծանոթ չէի: Ասացի չեմ իմանում ինչ դեղ ա ու դրանով մեր խոսակցությունն ավարտվել ա»:

Մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանի այն հարցին, թե արդյո՞ք  քննիչին ևս նույնն եք ասել, պատասխանեց. «Քննիչի մոտ էլ եմ ասել, որ անունը չեմ հիշում, դեղի հետ ծանոթ չեմ: Քննիչի մոտ չէի կարող այլ բան ասել: Ես քառասուն տարի է առողջապահության համակարգում եմ, սրտաբան եմ և իմ պրակտիկայի ընթացքում այդ դեղը չեմ օգտագործել»:

Մեղադրողի միջնորդությամբ այս վկայի նախաքննական ցուցմունքը ևս հրապարակվեց՝ նույն պատճառաբանությամբ:

Նախաքննական ցուցմունքում վկան նշել է, թե Արկադի Վարդանյանն իրեն ասել է, որ խոսքը ինչ -որ հոգեմետ դեղի մասին է, բայց դատաքննության ժամանակ պնդեց հակառակը. «Ես ռուսական կրթություն ունեմ ու գուցե պահի տակ սխալ եմ հասկացել: Բայց նման բան ինքն ինձ չի ասել»:

Վկա, մասնագիտությամբ բժիշկ-ասեղնաբուժ Սամվել Քոչինյանն ամբաստանյալ Արկադի Վարդանյանի  հետ ծանոթացել է հարսանյաց հանդիսության ժամանակ:

«Արկադին ինձ զանգեց ու ինչ-որ դեղի անուն հարցրեց: Ասացի, որ ամեն օր նոր դեղեր են դուրս գալիս ես բոլորի անունները հիշել չեմ կարող: Միայն անվանումից կարող եմ ենթադրել, որ հանգստացնող դեղահաբ է»,- դատարանում ասաց Սամվել Քոչինյանը:

Դատական նիստի ժամանակ հրապարակվեց նաև այս վկայի նախաքննական ցուցմունքը:

Ըստ վերոնշյալ ցուցմունքի՝ վկան պատմել է, որ Արկադի Վարդանյանն իրեն զանգահարել է, հարցրել դեղի մասին՝ միաժամանակ նշելով, որ այն հանգստացնող և վտանագավոր դեղ է, որին ի պատասխան Սամվել Քոչինյանն ասել՝ հիշյալ դեղը հանգստացնող չէ և իրեն անծանոթ է:

«Նման բան չի եղել: Մենք  վտանգավորության մասին չենք խոսել: Ես ասել եմ՝ անունից կարող եմ ենթադրել, որ հանգստացնող է: Նախաքննական ցուցմունքում ուրեմն մի բան ճիշտ չեմ հասկացել»:

Վկաների հարցաքննությունից հետո դատարանը լսեց տուժող Ռոբերտ Ավետյանի ցուցմունքը, ով ամբաստանյալ Արսեն Ավետյանի հայրն է:

«Ես, իմանալով և հասկանլով, որ որդիս սխալ ձևով է ապրում՝  ֆուտբոլ, պոկեր ա խաղում, որոշեցի դաստիարակել նրան՝ իր որդու հետ միասին հանելով տան հաշվառումից: Բայց ասացի նաև, որ տան երրորդ հարկը կառուցել եմ, կարող ա գա, վերանորոգի և ապրի: Բայց ինքը չուզեց: Ես ուզեցա, որ էս մարդուն ճիշտ ճանապարհ ցույց տամ, քանի որ ես իմ կյանքում եղել եմ ազնիվ ու մաքուր: Բայց պետությունը տղայիս դաստիարակությունն իր վրա վերցրեց»,- պատմում է տուժող Ռոբերտ Ավետյանը:

Նրա խոսքով՝ երբ  հայտնել են, որ որդին փորձել է սպանել իրեն՝ շատ է զարմացել. «Տան մեջ իրան նորմալ էր պահում: Մեր մեջ որևէ թշնամական վերաբերմունք չի եղել, որ ես մատծեի, թե տղաս կարա ինձ սպանի: Իհարկե, մեր մեջ եղել են վեճեր, բայց դե որ հոր ու տղայի մեջ չի եղել: Արսենի անունը, որ լսում եմ մազերս բիզ-բիզ ա կանգնում, որ սենց քայլ ա թույլլ տվել: Կինս նոր էր մահացել և ես ուզում էի մենակս ապրեի: Այդ ժամանակ էլ թոռս ուզում էր ամուսնանալ, բայց ինչ ուրախանալու ժամանակ էր: Դրա համար էլ գրանցումից հանեցի, որ թոռս իր վրա հույսը դնի:

Ռոբերտ Ավետյանը վստահեցրեց, որ չնայած տղային սպառնացել է զրկել ժառանգությունից, բայց չի արել ու մինչև հիմա էլ շարունակում է հաց տանել: Հարցաքննության վերջում՝ պատասխանելով Արսեն Ավետյանի պաշտպան՝ Գևորգ Մելքոնյանի հարցին՝ ասաց. «Ես չեմ սպասում իմ որդուց, որ նման բան կաներ»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել