Հունիսի 13-ին ռուս 5 լրագրողներ են ձերբակալվել, երբ նրանք փորձել են ցույցեր կազմակերպել ընդդեմ իրենց գործընկերին ուղղված սպառնալիքների: Ձերբակալությունները նոր ընդունված օրենքի արդյունք են, որը արգելում է Ռուսաստանում հավաքներ կազմակերպելու ազատությունը: «Քաղաքացիական իրավունքի պաշտպաններ» կազմակերպության փոխանցմամբ՝ նոր օրենքը Ռուսաստանում ընդունվել է 2012 թ. հունիսի սկզբին:
«Քաղաքացիական իրավունքի պաշտպաններ» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի ղեկավար Յոհաննա Կուրոզը նշում է, որ այս ձերբակալությունները Ռուսաստանում ծայրահեղ կոշտ քաղաքական տենդենցների մասն են կազմում: Նա ավելացրել է, որ միջազգային հանրությունը պետք է կոչ անի Ռուսաստանի կառավարությանը վերջ տալ այս բացասական միտմանը:
Հինգ լրագրողներ փորձել են բողոքի ցույց կազմակերպել իրենց գործընկեր Սերգեյ Սոկոլովին ուղղված մահվան սպառնալիքների դեմ: Սոկոլովին սպառնացել էր դատախազության գլխավոր քննիչ Ալեքսանդր Բաստրիկինը: Լրագրողը քննիչի աշխատանքի վերաբերյալ քննադատական հոդված էր գրել: Ոստիկանությունը հարցաքննել է լրագրողներին և ստիպել նրանց իրենց գործողությունների վերաբերյալ զեկույցներ գրել, որից հետո նրանց ազատ են արձակել: Ցույցից 1 օր հետո Բաստրիկինը դեպքի առիթով ներողություն է խնդրել:
Ռուսական Դուման վերջերս կողմ քվեարկեց օրենսդրական փոփոխություններին, որոնք սահմանափակում են հավաքների ազատությունը: Մի քանի օր անց նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքի վավերացումը: Օրենքը կարգավորում է չարտոնված ցույցերին մասնակցելու տույժերը, որը 1000 ռուբլիից բարձրացվել է 300.000 ռուբլի: Իրավաբանական անձանց համար առավելագույն պատիժը 1 մլն ռուբլի է: