Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 140 վիրավոր կա․ Արցախի ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։

«Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ստեփանակերտի դիահերձարանից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնամասշտաբ ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 1 երեխա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել