Քննարկվել են մեդիայում ատելության խոսքի, խտրականության, բռնության քարոզի դեմ պայքարին առնչվող հարցերը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Հանդիպման շրջանակում քննարկվել են մեդիայում ատելության խոսքի, խտրականության, բռնության քարոզի դեմ պայքարին առնչվող հարցերը։ Պաշտպանն ընդգծել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա այս խնդիրները հասցեագրելուն ուղղված կառուցակարգերի և մեթոդաբանության մշակման անհրաժեշտությունը:

Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց համար տեսալսողական մեդիայով տրամադրվող տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովմանը: Մասնավորապես, շեշտվել է, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների քարոզարշավի լուսաբանման ժամանակ տրամադրվող տեղեկատվությունը լսողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի չէ, մեծամասամբ բացակայում են սուրդո թարգմանությունը և լուսագրերը։

Հանդիպման ավարտին կողմերն առանձնացրել են համագործակցության և համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև երկուստեք ընդգծվել է միջգերատեսչական կայուն փոխգործակցության հաստատման կարևորությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել