Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ, կիրառել նաև ականանետ:
Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվել են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 1 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը: