Արցախը 240 օր է շրջափակման մեջ է

Արցախը 240 օր է շրջափակման մեջ է։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը) Ադրբեջանի կողմից 8 ամիս շարունակ արգելափակված լինելու պայմաններում՝ դեղորայքի ու սննդի խիստ սղությամբ և շարունակական սթրեսով պայմանավորված՝ պաշարված Արցախում նախորդ տարվա համեմատ աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։

Մասնավորապես, յոթ ամսվա (հունվար-հուլիս) ընթացքում ընդհանուր մահացությունների շարքում․ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից արձանագրվել է մահացության աճ՝ ավելի քան 2 անգամ, ներառյալ՝ սուր և քրոնիկ սրտային անբավարարությունից մահերի աճ՝ 66%-ով, սրտամկանի սուր ինֆակտից՝ 20,8%-ով, ուղեղի կաթվածից՝ 8,8%-ով։ Իսկ միայն հուլիս ամսում այդ ցուցանիշն էլ ավելի է աճել՝ հասնելով 2.6 անգամի: Յոթ ամսում չարորակ նորագոյացություններից մահերի քանակը աճել է 15,9%-ով:

Հուլիս ամսում բժշկի ցուցումով հղիների վիժումների քանակն աճել է չորս անգամով, ուշագնացության դեպքերով շտապ օգնության կանչերի քանակը՝ 91%-ով, զարկերակային գերճնշման դեպքերով՝ 5.6 անգամով:

Մահվան և հիվանդությունների դեպքերի նշված և այլ ցուցանիշների աճը պայմանավորված է Արցախի շրջափակման և, այնուհետև, լիակատար պաշարման հետևանքով առաջացած առողջապահական լրջագույն խնդիրներով: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն ահազանգում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման շարունակման դեպքում նշված և այլ ցուցանիշներն էլ ավելի մեծ չափով են աճելու՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկանց մահերի ու առողջական վիճակի վատթարացման:

Առողջապահության համակարգը հնարավորինս կատարում է իր առջև ծառացած այս ծանր մարտահրավերների հետևանքների մեղմացման ուղղությամբ, սակայն Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների տեղաշարժի ամբողջական արգելափակումը պարզապես անհնար են դարձնում համակարգային ու լիարժեք առողջապահական լուծումների ապահովումը:

Քանի որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից լրիվությամբ դադարեցված են նաև հումանիտար բեռնափոխադրումները, Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը։

«ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու և կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքն ապահովելու համար խնդրում ենք բանկային հաշիվներում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության (ներդրված է նաև կանխիկացման սահմանաչափ), իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիվներում:

Խնդրում ենք աջակցել պետությանը, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել Արցախի ժողովրդի առաջ ծառացած ծանր մարտահրավերները»,- ասվում է հաղորդագրությունում:

——————————

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 240 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Լուսանկարը՝ Արցախի տեղեկատվական շտաբի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել