Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 6-ին, սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է: Թեմային անդրադարձել էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ աշխատակազմին անմիջապես հանձնարարելով զբաղվել վերոնշյալ խնդրով:
«Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար: Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Մանրամասների վերաբերյալ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,-ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում:
Պարզաբանմամբ է հանդես եկել նաև «Ջրաշխարհը»՝ հրապարկելով նաև երեխաների նկարը, որն Iravaban.net-ը չի հրապարակի։
«Հարգելիներս, քանի որ անհիմն շահարկվում է Ջրաշխարհի անունը, ցանկանում ենք նկարագրել և լուսաբանել կատարվածը: Այսօր ժամը 13:00 -ի սահմաններում երկու երիտասարդ և մեկ պատանի, որոնք երևում են ներկայացված նկարում, մոտեցել են Ջրաշխարհ թվով 8 հաշմանդամություն ունեցող երեխաներին ընդունելու հարցով:
Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները և պատրաստակամություն հայտնել երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալելու և նրանց հանգիստը կազմակերպելու համար, ինչպես նաև ծանոթացրել Ջրաշխարհում գործող ներքին կանոնակարգին: Հայտնելով իրենց գոհունակությունը, տղաները հեռացել են հաշմանդամ երեխաների հետ վերադառնալու պայմանով: Մինչդեռ երկար սպասելուց հետո նրանք այդպես էլ չեն վերադարձել: Ջրաշխարհն իր ջերմ տանիքի տակ ընդունելու բազմամյա փորձ ունի թե՛ անապահով ընտանիքների, և թե՛ հաշմանդամություն ունեցող երեխաներին հյուրընկակելու հարցում, և այսօրվանը ևս բացառություն չէր լինելու:
Հ.Գ. Ջրաշխարհի տնօրինությունը պատրաստ է հանդիպման և կատարվածի պարզաբանման համար:
Հաջորդիվ կներկայացնենք նաև հավաստի փաստեր կատարվածից»: