Գազալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով 26-ամյա երիտասարդը ծանր վիրավորում է ստացել

Ինչպես արդեն հայտնել ենք, Փրկարար ծառայության փոխանցմամբ օգոստոսի 6-ին, ժամը 19։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ գազալցակայանը լիցքավորելիս «ZIL» մակնիշի գազատար ավտոմեքենայի (5 տ) գլանակատակառի ետնամասից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Դ․ Գ․-ն (ծնված 1997 թ․) տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։07-ին, մարվել՝ 21։20-ին։ Այրվել է արտահոսած գազը, ջերմահարվել՝ գլանատակառը (մոտ 0,5 քմ), վնասվել են գլանատակառի ետնամասի աշխատող փականները։

Փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ և հերթապահել՝ մինչ գլանատակառի մեջ մնացած գազի ամբողջական պարպվելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել