Պոլիտեխնիկի ավագ դպրոցի սան Հովսեփ Կարապետյանը՝ Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 10-17-ն առկա ձևաչափով անցկացվել է Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:

Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էր 5 աշակերտ, նվաճել է 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Արծաթե մեդալի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականին էլ Ուզբեկստանում կայացած 9-րդ դարի խոշորագույն միջնադարյան գիտնականներից մեկի՝ մաթեմատիկոս և աշխարհագրագետ Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի միջազգային օլիմպիադային Հովսեփ Կարապետյանը բրոնզե մեդալ էր նվաճել։ Նա պոլիտեխնիկի ավագ դպրոցի օլիմպիական խմբակի անդամ է։

Ավելի վաղ Iravaban.net-ի հետ զրույցում օլիմպիական խմբակի ղեկավար Ալֆրեդ Պետրոսյանը նշել է, որ խմբակը գործում է 1998 թվականից, որը պարբերաբար բարձր արդյունքներ է ցույց տալիս, վերջին 2-3 տարիներին՝ ավելի ընդգծված։

«Խմբակի խնդիրները բավականաչափ իրատեսական խնդիրներ են։ Համոզված եմ, որ խմբակի պարապմունքներին մասնակցած երեխաների մոտ ֆիզիկայի նկատմամբ ուրիշ մոտեցում կլինի»,-նշել է Պետրոսյանը։

Շաբաթական 4-5 անգամ 2-3 ժամ տևող պարապմունքներն իրենց արդյունքը ցույց են տվել, իսկ խմբակի մասնակիցները դեմ չեն անգամ կիրակի օրերին պարապմունքներ անցկացնել։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն էլ նշել էր, հստակ ռազմավարություն ունեն՝ օլիմպիական խմբակում ընդգրծկված աշակերտների հաջողություններն ընդգծելու խրախուսելու համար։

Նրա խոսքով՝ որպես փոքր պետություն, Հայաստանը իր հաջողությունը կապել է գիտելիքի և դրա տված արդյունքի հետ։ Հայաստանից ուսանողների հոսքը կանգնեցնելու կամ դանդաղեցնելու համար, ռեկտորի կարծիքով, կրթական համակարգերը պետք է բերվեն պատշաճ մակարդակի և միջազգային կրթական հաստատություններից դասախոսներ ներգրավվեն հայկական կրթական իրականություն։

«Պետք է ստեղծենք այդ հնարավորությունները մեր հայրենիքում։ Այդ ժամանակ վստահ եմ, որ շատ երիտասարդներ կընտրեն հայրենիքում կրթվելու ճանապարհը։ Պետք է ձգտել հայկական իրականության մեջ կրթական հաստատությունները ուժեղացնելուն, հզորացնելուն և դրանք համապատասխանեցնել միջազգային կրթական ստանդարտներին»,-ասաց համալսարանի ռեկտորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել