Դատարանի որոշումները ըստ իրավունքի ճյուղի, եթե մնում են թղթի վրա, չեն կատարվում, ուրեմն այդ իրավունքի վախճանի սկիզբն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավաբան Արամ Վարդևանյանը։
«Միջազգային իրավունքի լինելիության երաշխիքներից մեկը հենց Արդարադատության միջազգային դատարանն է: Կոսովոյի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ 2010 թվականին նույն դատարանն իր ոչ թե պարտադիր բնույթ ունեցող, այլ խորհրդատվական կարծիքով ընդլայնեց ինքնորոշման իրավունքի շրջանակը: Այդ դիրքորոշումը, չմնաց թղթի վրա:
2023 թվականին փետրվար ամսին Արդարադատության միջազգային դատարանը պարտադիր կատարման ենթակա որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, արձանագրել է ադրբեջանի հակաօրինական վարքագիծն Արցախում, բայց իրավիճակի որևէ նվազագույն դրական փոփոխություն առկա չէ:
Դատարանի որոշումները ըստ իրավունքի ճյուղի, եթե մնում են թղթի վրա, չեն կատարվում, ուրեմն այդ իրավունքի վախճանի սկիզբն է:
Արցախում մինչ օրս առկա ադրբեջանական հանցավոր արարքները, շրջափակման փաստը, ՄԱԿ-ի Դատարանի որոշման կոպիտ անտեսումն ու խախտումը` հիմնավորում են, որ միջազգային իրավունքը սլանում է դեպի իր վախճանը…»,-նշել է նա։