«Այդպիսի գործողություններն անընդունելի են և արգելված»․ պալատի հայտարարությունը՝ ձերբակալված փաստաբանի մասին

Երեկ` 2023թ. մայիսի 22-ին, փաստաբան Սուսաննա Սարգսյանը ՀՀ փաստաբանների պալատ տեղեկություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն այցելել են իր տուն և պատրաստվում են կատարել խուզարկություն: Այս մասին հայտարարություն է տարածել Փաստաբանների պալատը։

«Իրավիճակին ծանոթանալու և կատարվող գործողությունների իրավական հիմքերը պարզելու նպատակով՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հարութ Ակլունցը և Արագ արձագանքման խմբի համակարգող Գևորգ Մկրտչյանն անմիջապես մեկնել են Սուսաննա Սարգսյանի նշած հասցեով:

Տեղում Սուսաննա Սարգսյանը հայտարարել է, որ նախաքննական մարմինը պատրաստվում է իր տանը խուզարկություն իրականացրել իր վստահորդի ներկայացրած հաղորդման հիման վրա քննվող քրեական վարույթի շրջանակներում և իրականացվող գործողությունները կապված են վերջինիս մատուցված փաստաբանական ծառայությունների հետ:

Փաստաբանը նշել է նաև, որ իր տունը միաժամանակ հանդիսանում է իր աշխատանքային գրասենյակը, որտեղ պահվում են փաստաբանական վարույթներ:

Փաստաբանների պալատի ներկայացուցիչներն իրականացվող գործողության ընթացքում արձանագրել են, որ քրեական վարույթով հաղորդում տված անձին վերաբերող փաստաթղթերը փաստաբանի կողմից քննիչին ներկայացնելուց հետո քրեական վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է փաստաբանի տանը պահվող այլ փաստաթղթերի ուսումնասիրություն՝ անտեսելով փաստաբանի հայտարարությունը, որ դրանք այլ վստահորդներին վերաբերող փաստաբանական վարույթներ են, որոնք պարունակում են փաստաբանական գաղտնիք:

Միաժամանակ, քննիչի կողմից առգրավվել են փաստաբանի հեռախոսը և դյուրակիր համակարգիչը, որոնց մեջ, ըստ փաստաբանի հայտարարության, կրկին պահվում են այլ վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Ներկայացված հանգամանքները հրատապ կարգով քննարկվել են Փաստաբաններ իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովը անգամ հիշեցնում է, որ «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ:

Նույն հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

Նշված կարգավորումները միտված են փաստաբանական գաղտնի պաշտպանության երաշխավորմանը: Փաստաբանական գաղտնիքը, ներառյալ՝ այդպիսին պարունակող փաստաթղթերը և կրիչներն, անձեռնմխելի են և գտնվում են օրենքի խիստ պաշտպանության ներքո։

Ավելին՝ օրենսդիրը չի նախատեսել նշված երաշխիքը սահմանափակելու որևէ հիմք: Նույնիսկ, փաստաբանի կողմից կատարված առերևույթ հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ քննություն իրականացնելիս, քրեական վարույթն իրականացնող մարմինը պետք է ձեռնպահ մնա փաստաբանի այլ վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիքին հասանելիություն ունենալուց:

Այդպիսի գործողություններն անընդունելի են և արգելված:

Անդրադառնալով փաստաբանի հեռախոսի և դյուրակիր համակարգչի առգրավմանը, ինչպես նախկինում Հանձնաժողովն առիթ է ունեցել նշելու, քրեական վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հնարավորություն չունի փաստաբանական գաղտնիքի երաշխիքների պահպանմամբ իրականացնելու փաստաբանի էլեկտրոնային կրիչի պարունակությունը բացահայտող ապացուցողական կամ վարութային գործողություն, ուստի այդպիսի ցանկացած գործողություն հղի է փաստաբանական գաղտնիքի պաշտպանության իրավական երաշխիքների խախտման վտանգով:

Ելնելով վերոգրյալից՝ Հանձնաժողովը հորդորում է նախաքննական մարմնին ձեռնպահ մնալ փաստաբանի հեռախոսի և դյուրակիր համակարգչի պարունակությունը հասանելի դարձնող ապացուցողական կամ վարութային ցանկացած գործողություն կատարելուց և վերադարձնել դրանք:

Միաժամանակ, հաշվի առնելով կալանավորման նպատակով փաստաբանին ձերբակալելու հանգամանքը՝ Հանձնաժողովը քրեական վարույթի հանրային մասնակիցների ուշադրությունն է հրավիրում հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս՝ փաստաբանի վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերի վրա:

Հասարակության մեջ փաստաբանի դերը նկատի ունենալով՝ նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելը, առավել ևս՝ ազատությունից զրկելը, պետք է լինի ծայրահեղ միջոց, դրա կիրառման անհրաժեշտությունը քննարկելիս պետք է ուշադրության կենտրոնում պահել փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունները:

Պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ հոգատարություն ցուցաբերեն փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության և փաստաբանի վստահորդների իրավունքների պաշտպանության նկատմամբ՝ բացառելով այդ ինստիտուտի վրա նկամաբ ցանկացած վնասակար ազդեցություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել