Հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը մեղքն է, որը դրսևորվում է դիտավորության կամ անզգուշության ձևով: Առանց մեղքի չկա ո՛չ հանցագործություն, ո’չ էլ քրեական պատասխանատվություն: Արարքում մեղքի բացակայությունը վկայում է հանցագործության բացակայության մասին:
Համաձայն մեղքի հոգեբանական տեսության՝ մեղքն անձի հոգեբանական վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի և դրա վտանգավոր հետևանքների նկատմամբ, որը դրսևորվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ: Բացի դիտավորությունից և անզգուշությունից մեղքը այլ ձևով չի դրսևորվում: Այսինքն, մեղքը հանդես է գալիս որպես հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշ: Հետևապես, եթե ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 3-ի համաձայն` քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանքն է, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները, ապա մեղքը, որպես հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշ, անհարժեշտ է որ այդ արարքում արտահայտված լինի կամ դիտավորության, կամ անզգուշության ձևով:
ՀՀ օրենսդրությունը հակված է հոգեբանական տեսությանը:
Նշենք, որ հայ իրավա-քաղաքական այնպիսի հուշարձաններում, ինչպիսիք են Կանոնագիրքը, Մխիթար Գոշի և Սմբատ սպարապետի (Գունդստաբլի) Դատաստանագրքերը, Կիլիկյան Հայաստանի Քաղաքացիական և Զինվորական քրեական օրենքները և այլն, բավական ամբողջական գծերով միմյանցից տարբերում ու սահմանազատում են «կամայ» մեղք, «ակամայ» մեղք և, այսպես կոչված, «խառ» մեղք հասկացությունները: Այդ հասկացությունները հարաբերակցվում են «դիտավորության» և «անզգուշության»` որպես մեղքի ձևերի ժամանակակից հասկացությունների հետ: Դարեր առաջ հայ օրենսդրական-իրավական հուշարձաններում դրանց ամրագրման փաստը հայ ժողովրդի դարավոր իրավական բարձր կուլտուրայի վառ ապացույց է: