Անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնելու նպատակով՝ գործարկվել է e-disability.am հարթակը․ ԱՍՀՆ

Անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնելու նպատակով՝ ԱՍՀՆ Նորք տեխնոլոգիաների կենտրոնի կողմից մշակվել և փետրվարի 1-ից գործարկվել է e-disability.am հարթակը՝ https://bit.ly/41g1eLx

Նոր համակարգը փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմած քաղաքացիներին հնարավորություն է տալիս՝

  • ստեղծել և ներկայացնել առցանց դիմում ցանկացած պահի և ցանկացած վայրից,
  • դիմումի հետ միասին ստեղծել ու ներկայացնել ինքնագնահատման թերթիկ,
  • դիմումն ստեղծել անձամբ կամ օրինական ներկայացուցչի կողմից կամ ՄՍԾ օպերատորի օգնությամբ,
  • ստանալ դիմումի ընթացքի վերաբերյալ ծանուցումներ նախընտրելի տարբերակով (էլ փոստի հասցե, փոստ կամ առձեռն)։    

Այսպիսով, 2023 թ փետրվարի 1-ից անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով՝    

  • նախ քաղաքացին դիմում է բուժհաստատություն, որտեղ կազմվում է էլեկտրոնային ուղեգիր և փոխանցվում ֆունկցիոնալության գնահատման e-disability համակարգին,
  • այնուհետև քաղաքացին մուտք է գործում e-disability.am համակարգ, լրացնում դիմում և ինքնագնահատման հարցաթերթիկ ու ներկայացնում դիմումը,
  • հաջորդիվ, քաղաքացու դիմումը, այդ թվում՝ բուժհաստատություններից ստացված տվյալները համադրվում են պետական տեղեկատվական համակարգերի հետ: Եթե տվյալները ճշգրիտ են և ամբողջական, դիմումը կընդունվի, եթե ոչ՝ ապա դիմումը կմերժվի։ Ցանկացած դեպքում քաղաքացուն ուղարկվում է հաղորդագրություն դիմումի ընթացքի մասին,
  • ապա համակարգն ինքնաշխատ եղանակով ընտրում է ամփոփագիր մշակող մասնագետին և ուղարկում քաղաքացու դիմումը։ ԱՄփոփոագիր մշակող մասնագետը առանց ծանոթանալու անձի անձնական տվյալներին, ուսումնասիրում է դիմումը և առկա տեղեկատվությունը, լրացնում ամփոփագիրը, ընտրում հանձնաժողովի ոլորտային բժիշկներին և հարբժիշկներին՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան նշումներ և մուտքագրում ամփոփագիրը հետագա մշակման,
  • այնուհետև, համակարգն ինքնաշխատ եղանակով ընտրում է գնահատող հանձնաժողովի կազմը՝ ապահովելով անաչառություն և գործընթացների թափանցիկություն։ Հանձնաժողովի անդամների կողմից հաստատման պարագայում գնահատման վայրի և ժամի մասին քաղաքացին ստանում է հաղորդագրություն,
  • գնահատման օրը հանձնաժողովի անդամները գործընթացն իրականացնում են համակարգում կարգաբերված անհատական էջերի միջոցով (որոնք քաղաքացու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն են պարունակում), ուսումնասիրում են ամփոփագիրը, իրականացնում գնահատում,
  • տվյալներն ամփոփվում են անձի ֆունկցիոնալության գնահատման բանաձևի հիման վրա, որի արդյունքում գեներացվում է հանձնաժողովի որոշումը: Վերջինիս մասին քաղաքացին ստանում է հաղորդագրություն իր նախընտրած ծանուցման եղանակով, այդ թվում՝ նաև էլեկտրոնային փոստով։   

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմած անձանց ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է ոչ միայն բժիշկ-փորձագետների, այլև հարբժիշկների ներգրավմամբ, ինչը հնարավորություն է տալիս գնահատելու քաղաքացու կարողություններն ավելի հասցեական՝ որոշարկված ծառայությունների մատուցման նպատակով։ Անձի ֆունկցիոնալության գնահատող հանձնաժողովի կազմը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով։ Համակարգը բացառում և կանխարգելում է մարդկային գործոնով պայմանավորված որևէ սխալ՝ ապահովելով անաչառություն և թափանցիկություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել