Դատավոր Տաթևիկ Ստեփանյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ԲԴԽ-ի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի։ Նա պահանջում է վերացնել խորհրդի 2022 թվականի օգոստոսի 4-ի որոշումը, որով ինքը հանվել է Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնից։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է նաև, որ հայցվորը որպես հետևանք պահանջում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնում իրեն նշանակելու վերաբերյալ ՀՀ Նախագահի առարկությունները չընդունված համարել՝ այդ մասին իրազեկելով ՀՀ նախագահին։

Գործը մակագրվել է դատավոր Ռոբերտ Մաքեյանին։

Ծանոթանալով գործի նյութերին` դատարանը գտնել է, որ ՀՀ նախագահին պետք է ներգրավել այս վարչական գործով որպես երրորդ անձ` հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:

Հաշվի առնելով նշված հոդվածն և նկատի ունենալով, որ դատարան ներկայացված հիմնական պահանջով վիճարկվում է Բարձրագույն դատական խորհրդի 04.08.2022 թվականի թիվ ԲԴԽ-76-Ո-249 որոշումը՝ Տաթևիկ Ստեփանյանին Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնից հանելու մասով, որի ընդունման համար հիմք են հանդիսացել ՀՀ նախագահի կողմից ներկայացված առարկություններն և այն, որ Հայցվորը պահանջում է նաև իրեն Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ ՀՀ նախագահի առարկությունները չընդունված համարել՝ այդ մասին իրազեկելով ՀՀ նախագահին՝ դատարանը գտնում է, որ սույն գործով կայացվելիք դատական ակտը կարող է առնչվել ՀՀ նախագահին, ուստի տվյալ դեպքում առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմքն և վերջինիս սույն վարչական գործով պետք է ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ»,-նշվում է դատարանի որոշման մեջ:

Փետրվարի 22-ին դատական նիստ է նշանակվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել