Փոփոխություններ են նախատեսվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման հետ կապված

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման վերաբերյել օրենքի նախագիծ, որով կտարանջատվի տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված (մինչև 2023 թվականը ծնված երեխայի դեպքում՝ աշխատող և գյուղաբնակ և 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ)

««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-392-Ն օրենքով ըստ էության նոր պայմաններ սահմանվեցին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակներում։

Մասնավորապես, սահմանվեցին, որ՝

  1. խնամքի նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ծնողը, եթե երեխան ևս հաշվառված է բնակության վայրի հասցեով և գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,
  2. նոր պայմաններին համապատասխան՝ խնամքի նպաստ նշանակելու և վճարելու առանձնահատկություններ (հիմնականում համապատասխանում են գործող կարգավորումներին),
  3. խնամքի արձակուրդում գտնվող և չգտնվող (այդ թվում՝ չաշխատող) ծնողի համար խնամքի նպաստի չափերը տարբերակվեցին (չափը որոշելու լիազորությունը տրված է Կառավարությանը),
  4. ծնողի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված նպաստի չափերի փոփոխությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմում ներկայացնելու։

Բացի վերը նշված օրենսդրական փոփոխությունից բացի 2022 թվականի դեկտեմբերի 7-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված՝ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքով Ազգային օպերատորի վերաբերյալ դրույթները ուժը կորցրած են ճանաչվել։

Ըստ այդմ, վերը նշված օրենսդրական փոփոխությունների կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև խնդրո առարկա որոշման մեջ։

Iravaban.net-ը հայտնում է, որ համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է՝

  1. Կառավարության որոշումից հանել խնամքի նպաստի իրավունքին առնչվող այն դրույթները, որոնք ամբողջությամբ կրկնում են Օրենքի կարգավորումները։
  2. Ուժը կորցրած ճանաչել Ազգային օպերատորի վերաբերյալ կարգավորումները։
  3. Տարանջատել տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված (մինչև 2023 թվականը ծնված երեխայի դեպքում՝ աշխատող և գյուղաբնակ և 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ)։
  4. Սահմանել, որ դիմելու օրվան նախորդող՝ խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցած ժամանակահատվածի համար նպաստ նշանակվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալների հիման վրա, կամ ծնողի ներկայացրած համապատասխան տեղեկանքի հիման վրա (եթե ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն)։
  5. Սահմանել, որ բացի ինքնաշխատ եղանակից խնամքի նպաստի չափը փոխվում է նաև այն դեպքում, երբ ներկայացվել ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը որպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն լինելու վերաբերյալ տեղեկանքը, կամ գործատուն գրանցման հայտով ճշտել է խնամքի արձակուրդն ավարտվելու (ընդհատվելու) մասին տեղեկատվությունը։ Ընդ որում, եթե նպաստի չափի փոփոխության արդյունքում առկա է պակաս վճարված գումար, ապա այն վճարվում է հաջորդ ամսվա վճարման ցուցակներով, իսկ ավել վճարվածի դեպքում գործելու են Օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգավորումները։
  6. Սահմանել, որ ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք։
  7. Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա հնարավորություն է տրվել փոխել նաև վճարող կազմակերպությունը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել