Զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող այն քաղաքացիական շենք-շինություններում և կացարաններում, որտեղ 2020 թվականին և 2022 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով տեղակայվել են զինվորական անձնակազմերը:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Զինվորական դատախազը, մասնավորապես, կարգադրել է Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում իրականացնել հետևյալ աշխատանքները.
- տեղեկություն ստանալ կայազորների սպասարկման տարածքում գտնվող բոլոր այն զորամասերի և ստորաբաժանումների վերաբերյալ, որոնց անձնակազմը կամ դրա մի մասը տեղակայված են ոչ տիպային զորանոցներում.
- տեղերում իրականացնել նշված կացարանների ուսումնասիրություն, պարզել դրանց կառուցվածքը, օգտագործվող տաքացնող միջոցների և վառելանյութերի տեսակները, դրանց ստացման, պահպանման և բաշխման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը.
- պարզել նշված կացարաններում և զորամասերում վառարանների տեղադրման և շահագործման համապատասխանությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի կարգադրության պահանջներին, վառարանները վառելու համար համապատասխան միջոցների առկայությունը.
- իրականացնել հակահրդեհային միջոցների արտահերթ գույքագրում՝ ստուգել հակահրդեհային միջոցների ստացման, պահպանման և բաշխման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը, դրանց փաստացի վիճակը, տեղադրման համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.
- հայտնաբերված խախտումների և թերությունների վերաբերյալ կազմել արձանագրություն՝ նշելով հայտնաբերված խախտումն ու նորմատիվ իրավական ակտի այն կետի պահանջը, որը խախտվել է:
Զինվորական դատախազ Էլիզբարյանը կարգադրել է սեղմ ժամկետում կատարված աշխատանքների արդյունքներն ամփոփել զեկուցագրում և հիմնավորող փաստաթղթերի հետ միասին ուղարկել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն: