Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան արդեն ձերբակալվել է առաջին անձը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված: «Թույլ տվեք նախաքննության շահից ելնելով՝ չբացահայտել այն անձնաց հաջորդականությունը, ում նկատմամբ այս գործողություններն իրականացվելու են: Դատախազությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում զինդատախազի մակարդակով գործընթացի նկատմամբ: Եվ սահմանված կոնկրետ ժամկետներ կան քննությունն ավարտելու, ամբողջական քննություն իրականացնելու ուղղությամբ:
Բոլոր անձանց նկատմամբ նաև խափանման միջոցի հարցերն են քննարկվելու, կան դրա ուղղությամբ ստրատեգիական լուծումներ: Համադրվում են կանոնադրությունները, կանոնագրքերը, բոլոր բլանկետային նորմերը և քրեաիրավական արգելքները հասկանալու համար, թե ով ինչ չի արել նաև անվտանգության կանոններն ապահովելու տեսանկյունից:
Բացի այդ, զեկուցեմ, պարոն վարչապետ, որ 23.01.2023 թվականին զինդատախազի կողմից հրաման է արձակվել բոլոր կայազորների զինվորական դատախազներին ամենասեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն բոլոր զորանոցներում, այդ թվում տեղակայված զորանոցներում՝ 2020 և 2022 թթ. ռազմական գործողությունների արդյունքում տեղափոխված զորանոցների, տեղակայված զորամիավորումների կենցաղավարման կանոնների հետ կապված: Իհարկե, հրշեջ ծառայությունները և հրավտանգ նյութերի հետ աշխատանքն առաջնայնությունն է, բայց ցանկի մեջ ներառված են բոլոր մյուս անվտանգային կանոնները ևս և կեցավայրերի կահավորման հետ կապված բոլոր մյուս հարցերը: Օրինակ՝ ինչով են ծածկերը, կա արդյոք երկրորդ ելք, որպեսզի թակարդի էֆեկտ չստեղծվի, ինչպես որ այս ողբերգության ընթացքում մենք ականտես եղանք:
Այս կապակցությամբ, պարոն վարչապետ, նաև տեղեկացնեմ, որ դատախազությունը մանրամասն հաղորդագրություններով է սովորաբար հանդես գալիս, բայց այս իրավիճակում մենք էլ ավելի մանրամասն հասարակությանն անընդհատ կտեղեկացնենք կատարվող քննության, բոլոր ստուգվող վարկածների ուղղությամբ, որպեսզի քննության արդյունքներով մենք չունենանք սև խոռոչներ, ասեկոսեներ և բամբասանքի մակարդակի փորձագիտական կարծիքներ»,-ասել է Աննա Վարդապետյանը:
Գլխավոր դատախազը նշել է նաև, որ կառավարության նիստում հրապարկված վարկածն այս պահին կենսունակն է. «Մյուս բոլոր վարկածները ստուգվում և բացառման կանոնով, իհարկե, քննությունն իրականացվում է: Բայց հիմնական վարկածը, որի շուրջ այս պահին քննությունն իրականացվում է և, կարծես, այս պահի դրությամբ մենք ունենք ապացույցների այն բազան անհրաժեշտ, որով նաև մեղադրանք ենք առաջադրում, կառավարության նիստի ընթացքում հրապարակված այդ հիմնական վարկածն է: Կրկնում եմ, քանի որ հասարակությունն անընդհատ այդ հարցը բարձրացնում է, բոլոր վարկածների ուղղությամբ քննությունն իրականացվում է, որպեսզի հետո հանկարծ չհնչեն կասկածներ, որ մենք որևէ վարկած չստուգեցինք, որը հանրությունը քննարկում է»:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուզում եմ ընդգծել, որ եթե նույնիսկ կառավարության նիստում ինչ-որ բան հնչել է, որևէ մեկն այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ, որովհետև այն ինչ որ հնչել է, այդ պահին ինչ տեղեկություն ունեցել ենք, մենք հանրության հետ կիսում ենք, կիսել ենք և կկիսվենք: Նկատի ունեմ, որ եթե հանկարծ պարզվի, որ կառավարության նիստում հնչածի 180 աստիճան հակառակ բան է եղել, մենք դրանով կաշկանդված չենք, որովհետև մենք հանրության հետ հաղորդակցության մեջ ենք»:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ իր հերթին տեղեկացրել է, որ մինչ այս պահը տեղի ունեցած հարցաքննությունների արդյունքները հիմնավորում են ի սկզբանե առաջ քաշված վարկածը. «Ըստ էության, գլխավոր դատախազն ամբողջությամբ ներկայացրեց իրավիճակը: Ես միայն ուզում եմ հավելել, որ բոլոր հարցաքննված վկաները, ովքեր մինչ այս պահը հարցաքննվել են, ուղիղ վկայում են այն մասին, որ ի սկզբանե առաջ քաշված վարկածը՝ բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է: Ասեմ ավելին՝ երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը: Այսինքն՝ ամեն ինչ շատ պարզ է և այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չեն»:
Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է հրապարակել դեպքի վերաբերյալ. «Հիմա փաստորեն գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել է, փայտ է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է՝ մեջը մոխիր կա, լրացուցիչ բան անելու կարիք չկա։ Սպան փորձել է, այսպես ասած, վառել, հետո դիզվառելիք է փնտրել, ուզել վարորդներից, որից հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի հարմար է։ Վկան տեսել է այդ բենզինի տարան, սպայի հագուստը և նաև տարածքը բռնկված վիճակում: Այդ ամեն ինչն այս պահին հիմնավորվում է»: