Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՃՏՊ-ների նվազեցմանը, կարգավորվող և չկարգավորվող հետիոտնային անցումների անվտանգության բարձրացմանը, ճանապարհային երթևեկության կազմակերպման նոր տեխնիկական միջոցների կիրառմանը նպաստելու համար: Արդյունքում՝ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը, նման որոշումների նպատակն է անընդհատ թարմացնել նորմատիվ-իրավական ակտերը և կարգավորումներ մտցնել այս ուղղությամբ: «Այս որոշման նախագիծը նաև վերաբերում է ԵԱՏՄ ավտոմոբիլային ճանապարհներն անվտանգության տեխնիկական կանոնակարգերը համապատասխանեցնելուն: Նաև մի շարք կարգավորումների որոշակի թարմացումների կարիք կա: Աշխատել ենք ՆԳՆ և այլ գործընկերների հետ այս փաթեթները մշակելիս»,- ասել է նախարարը:
Ըստ նախարարի՝ առաջարկվում են մի շարք փոփոխություններ և կարգավորումներ՝ խաչմերուկներում խցանումներից խուսափելու, անցուղիները հետիոտների համար ավելի անվտանգ դարձնելու համար: «Կան 5 փաթեթով փոփոխություններ, որոնցից առաջին է ճանապարհային նշանների կարգավորումն է: Օրինակ՝ նոր նշաններ, որոնցից անկյունագծային հետիոտնային անցում նշան դրվում է, երբ որևէ խաչմերուկում ժամում 900 մարդուց ավելի շարժ կա: Կլինեն նոր նշաններ էլեկտրոմոբիլների համար ևս»,- նշել է Գնել Սանոսյանը:
Աշխատանքներ են տարել նաև զիջելու և կանգառ նշանների հետ կապված, ըստ որի՝ որոշ տեղերում զիջելու փոխարեն կտեղադրվի կանգառ նշանը, որպեսզի հնարավորին չափով վթարները նվազեն: «Փոփոխություններ են սահմանվել նաև կանչովի հետիոտնային լուսացույցների մասով, որպեսզի դրանք արհեստական խցանումների պատճառ չհանդիսանան: Կարգավորվել է նաև հանրապետական, միջպետական ճանապարհներին արհեստական անհարթությունների խնդիրը: Արդեն բնակավայրերի, հատկապես դպրոցների և մանկապարտեզների մոտ, որտեղով անցնում են այդ մեքենաները, արհեստական անհարթությունների միջոցով փորձելու ենք կարգավորել երթևեկությունը»,- ասել է Գնել Սանոսյանը:
Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումն անվտանգության ստանդարտների ապահովման համատեքստում: «Խոսքը երկրում ստանդարտների հաստատման մասին է, և մեր պրոբլեմն այն է, որ մենք չենք դիտարկում և չենք զգում, չենք տեսնում կապն ասենք օրինակ՝ երթևեկության կարգապահության, երթևեկության ստանդարտների և, ընդհանրապես, ստանդարտների բացակայության կամ չկիրառման և տեղի ունեցող դժբախտությունների, աղետների, նույնիսկ անհաջողությունների միջև: Երկում պետք է լինեն ստանդարտներ և այդ ստանդարտները պետք է գործեն: Կրկնում եմ՝ այս բոլոր պրոբլեմներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, ինչը չի նշանակում ոչ ադեկվատ: Ասիմետրիկ և ադեկվատ, որովհետև մենք պետք է արձանագրենք, որ ինստիտուտների կայացումն է այն բոլոր պրոբլեմների լուծումը, որը մենք ունենք»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ ցավալի դեպքերը նաև ստանդարտների բացակայության հետևանքով են արձանագրվում:
Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2022 թվականին դրանց թիվը նվազել է: ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ. «2019 թվականից 2022 թվականի կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվն առավելապես նվազել է 2022 թվականին։ Այսպես, եթե 2019 թվականից մինչև 2021 թվականը (բացառությամբ համավարակի ժամանակահատվածի), ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը աճել է միջինը 15 տոկոսով, իսկ զոհերի՝ միջինը 4 տոկոսով, ապա 2022 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազում։ Մասնավորապես, 2019 թվականի համեմատությամբ 2022 թվականին ՃՏՊ-ների թիվը նվազել է 419-ով կամ 10,2 տոկոսով, վիրավորների թիվը նվազել է 646-ով կամ 9,5 տոկոսով, զոհերի թիվը՝ 20-ով կամ 5,9 տոկոսով։
Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի ընթացքում 22 հազար 825-ով կամ շուրջ 2 անգամ ավելացել է հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը, այդուհանդերձ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2021 թվականի համեմատությամբ 2022 թվականին 295-ով կամ 6,4 տոկոսով նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչի արդյունքում 47-ով կամ 12,8 տոկոսով նվազել է զոհերի թիվը, 542-ով կամ 8,1 տոկոսով վիրավորների թիվը: Հարկ է նշել, որ 2019-2022 թվականների կտրվածքով ՀՀ-ի տրանսպորտային պարկն ընդհանուր առմամբ ավելացել է շուրջ 160 հազար տրամսպորտային միջոցով կամ 23 տոկոսով»:
Նիկոլ Փաշինյանն ավտովթարների թիվը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցներից է համարել նաև Պարեկային ոստիկանության ներդրումը: «Մենք տեսնում ենք, որ այս նվազումների վիճակագրության մեջ ամենամեծ տեղն ունի Երևանը՝ մայրաքաղաքը, և սա պատահական չէ. առաջինը Երևանում է գործարկվել պարեկային ոստիկանությունը, հետո՝ Շիրակի և Լոռու մարզերում: Նախորդ շաբաթ ծառայությունը սկսեց գործել նաև Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: Հաջորդը՝ կառավարության նիստերում ճանապարհների կառուցման, նորոգման, հիմնանորոգման մասին խոսելիս, անդրադարձել ենք նաև «սև կետերի» վերացմանը։ Մենք վերլուծում ենք ճանապարհի այն հատվածները, որտեղ կրկնվում են վթարները և այդ հատվածներում լոգիստիկ տրամաբանությունը փոխում ենք։ Մյուսը ճանապարհային երթևեկության կանոնների ստանդարտների ներմուծումն է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է բացառել որևէ կոռուպցիոն դրսևորում Պարեկային ոստիկանությունում, քանի որ խոսքը ոչ թե 1000 կամ 5000 դրամի մասին է, այլ մարդկանց կյանքերի:
ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ տեղեկացել է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. միջոցառումների ծրագրին համապատասխան՝ մշակվել և 2022 թ. դեկտեմբերի 12-ին իր հրամանով հաստատել է ավտոմոբիլային ճանապարհների շինարարական նորմերը, որն արդեն դեկտեմբերի 21-ից ուժի մեջ է մտել: