Բանակում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց անտեսելը կամ հետին պլան գցելը հղի է նման դրսևորումներով։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, «Լուրերի»-ի եթերում ասել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհին։
Քոչարյանը հայտնել է, որ ինքը երեկ այցելել էր ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում, տեղում ծանոթացել դեպքի մի շարք հանգամանքների․ «Հայտնի է, որ տեղի է ունեցել հրդեհ, ինչի արդյունքում ունենք զոհեր, վիրավորներ։ Հրդեհի պատճառները խորությամբ ուսումնասիրելու համար ես հանձնարարեցի, որ ուժային կառույցները և զինվորական ղեկավարությունը գոնե մեկ օրվա կտրվածքով վերականգնեն ամբողջ պատկերը․ առավոտվանից մինչև հրդեհի պահը, ևւ դրանից հետո մենք հասկանանք՝ որտեղ և ինչ թերացում է եղել, իսկ թերացումներն ակնհայտ են առաջին հայացքից։ Պահպանված չէին ոչ միայն հրդեհային անվտանգության կանոնները, այլ ընդհանրապես անվտանգությանն առնչվող շատ կանոններ ևս՝ հարաբերությունների, միջանձնային հարաբերությունների, բազմաթիվ խնդիրներ կան»։
Քոչարյանի խոսքով՝ քննության արդյունքում միայն կկարողանան հստակ հասկանալ, թե բացթողումների պատճառները որտեղ են։
«Սպան ինչո՞ւ էր փեչ վառում, ո՞ւր էին այն զինվորները, որոնք պետք է նաև իրականացնեին այդ գործողությունները։ Երկու հոգի դրսում են եղել հերթապահ, նրանք չեն մահացել․ նրանք շատ կարևոր վկայություն պետք է հաղորդեն նախաքննական մարմնին։ Փրկվել են նաև մի քանի զինվորականներ, որոնք հերթապահների աջակցությամբ կարողացել են ճաղավանդակները բացել և դուրս գալ։ Դասակի հրամանատարը հաստատեց, որ բենզին իրոք տարածքում չի եղել։ Ո՞նց են կացարանից 10-15 մետր հեռավորությունում դրված բենզինները հայտնվել կացարանում։ Որպես կպչան միշտ օգտագործվել է դիզվառելիքով համեմված մասը, որը որպես կանոն հրավտանգ չէ։ Բոլորը գիտեն, որ կրակի վրա բենզին չեն լցնում»,- ասել է Քոչարյանը։
Անդրադառնալով կապիտան-զինվորներ փոխհարաբերությունների խնդիրներին՝ Անդրանիկ Քոչարյանն ասել է․ «Դրանք բանակի չլուծված խնդիրներն են, որոնք լուծումներ են պահանջում, դրանց լուծումների պահանջման համար և հասարակությունը, և ԶՈՒ սպայակազմը պետք է այս խնդիրների մեջ լինեն շատ հետևողական։ Չի բացառվում, որ բանակում էլի լինեն նման օջախներ, որ հրամանը հրաման, բայց դրա կատարումը դրվում է մի կողմ»։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: