Պաշտոնատար անձի կողմից պետությանը ավելի քան 49 միլիոն դրամի չափով գույքային վնաս է պատճառվել․ Արցախի դատախազություն

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, դեռևս 08.10.2021թ. հարուցվել էր քրեական գործ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու օգտագործմամբ պետությանը առանձնապես խոշոր չափով գույքային վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ:

Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։

Քրեական գործով իրականացված նախաքննության արդյունքներով հիմնավորվել է, որ հիշյալ կազմակերպության տնօրենը կատարել է ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված 15 հանցագործություն, 332-րդ հոդվածով՝ 16 հանցագործություն, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ 1 հանցագործություն: Հիշյալ արարքներով պետությանը պատճառված վնասը կազմել է 49.440.000 դրամ: 

Նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել հանցանք կատարած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց, մեղադրյալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև հանցանքի կատարմանն հանցակցող անձինք:

Գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ ըստ էության քննելու համար: 

Քրեական գործի դատաքննության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել