«Եթե կհիշեք, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո չմասնակցեցինք Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը, ենթադրաբար, պիտի շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները: Հասկանալի պատճառներով չմասնակցեցինք, բայց, միևնույն ժամանակ, մենք մեր խմբագրական առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին և այժմ սպասում ենք նրանց արձագանքին»,-Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ որպես կանոն այդպես է ընթացել մինչ այժմ գործընթացը՝ նախագծի շուրջ լինում են ադրբեջանական, այնուհետև՝ հայկական, այնուհետև՝ ադրբեջանական առաջարկներ։
«Եվ, ահա, մենք մեր հերթական առաջարկները և դրանց կից հիմնավորումներն ուղարկել ենք ադրբեջանական կողմին, և արդեն, կարելի է ասել, մեկ ամիս է, որ որևէ արձագանք չունենք: Եվ այստեղ, ըստ այդմ, ես ուզում եմ ընդգծել, որ թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է կամ արգելակում է կամ ոչ կառուցողական է խաղաղության այս գործընթացում և, մասնավորապես` խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների գործընթացում: Կրկնում եմ, մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, և ահա ադրբեջանական կողմի պատասխանը պիտի լինի, որը մինչ այս պահը չկա: Ստացվում է, որ անկախ հանդիպումների հանգամանքից, գոնե մինչ այս պահը, կրկնում եմ, ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, և զուգահեռաբար տեսնում եք սադրիչ գործողությունները և՛ Լաչինի միջանցքում, և՛ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումն Ադրբեջանի կողմից»,-նշել է նա: