ՀՀ պետական բյուջեի 2022-ին արձանագրված 1 տրլն 925 մլրդ դրամ եկամուտները պատմական ռեկորդ են. Ռուստամ Բադասյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի շնորհավորական խոսքը․

«Հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ,

Անցնող տարում, ավելացող մարտահրավերների պայմաններում, հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացը նոր լիցքեր է ստացել, նկատելի արդյունքներ են գրանցվել համակարգի արդիականացման, բյուջեի եկամուտների ապահովման, ընթացակարգային և կադրային բարեփոխումների, տնտեսության մեջ ստվերայնության մակարդակի նվազեցման, միջազգային համագործակցության ընդլայնման և բազմաթիվ այլ ուղղություններով: Առաջընթաց է գրանցվել հարկային մարմնի և հարկ վճարողների միջև երկխոսության զարգացման և հարկային կարգապահության մակարդակի բարձրացման գործում:

2022 թվականին արձանագրվել է պատմական ռեկորդ՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 925 մլրդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 81 մլրդ դրամով։ Ավելացել է նաև եկամուտ ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը: Այս ձեռքբերումները բոլորինս են, դրանք հնարավոր չէին լինի առանց Կոմիտեի յուրաքանչյուր աշխատակցի ներդրման և ջանքերի: Արձանագրված արդյունքը նաև պարտավորեցնում է չգցել տեմպը և շարունակել նույն ոգով:

2022 թվականի կարևոր ձեռքբերումներից է մասնագիտական բարձր կարողություններով և բարեվարքության նորմերով առաջնորդվող պատասխանատու աշխատակիցների ներգրավումը: Կոմիտեի կազմակերպած դասընթացները հաջողությամբ հաղթահարած նոր որակի ավելի քան 160 ծառայողներ արդեն համալրել են մաքսային համակարգը։ Փորձառու և սկսնակ աշխատակիցները ձեռք ձեռքի տված համագործակցելու են՝ ի նպաստ համակարգի զարգացման և պետության առաջընթացի:

Մաքսային ծառայությունում իրականացված առանցքային բարեփոխումներից են նաև սահմանային անցակետերի էտալոնային մոդելների ներդրումը, նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը, մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխությունը և մաքսային գործառնությունների բարելավումը:

Անցնող տարում ծրագրել ենք ՊԵԿ Երևան քաղաքի արտաքին տնտեսական գործունեության և ՊԵԿ Հարավային արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների կառուցման, սահմանային անցակետերի արդիականացման և վերակառուցման ուղղություններով մեր հետագա անելիքները, որոնք ընթացք կստանան գալիք տարում: Համակարգի զարգացման և բարեփոխումների գործում մենք հավակնոտ ենք և վճռական:

2023 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 2 տրլն 203,7 մլրդ դրամ եկամուտներ: Այս աննախադեպ ցուցանիշն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու կատարելագործել մաքսային և հարկային ռիսկերի կառավարման համակարգերը` հսկողության ենթակա տնտեսավարող սուբյեկտների առավել թիրախային ընտրության նպատակով: Համակարգի առջև դրված խնդիրների լուծման համար պակաս կարևոր չեն նաև ենթակառուցվածքների արդիականացման և զարգացման, ընթացակարգերի առավել դյուրացման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի համար ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմանների ստեղծման ուղղությամբ քայլերի ակտիվացումը:

Կառույցի հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման նպատակով անհրաժեշտ է խորացնել ՊԵԿ-ի և հարկ վճարողների միջև երկխոսությունը, գույքագրել և լուծել ընթացակարգային կամ ցանկացած այլ բնույթի խնդիրները, շարունակել ստվերի դեմ անզիջում պայքարը:

Նոր տարում համակարգի կարևորագույն թիրախներից է լինելու ՊԵԿ աշխատակիցների մասնագիտական կարողությունների ընդլայնումը և մոտիվացիոն երաշխիքների համակարգերի ներդրումը, արդի մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու և դիմագրավելու կարողությունների ընդլայնումը, ոլորտում միջազգային լավագույն փորձի տեղայնացումը:

2023 թվականին կարևոր անելիքներ ունենք եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ: Միջազգային պրակտիկայում լայնորեն ընդունված այս համակարգն էապես կփոխի հարկային քաղաքականության տրամաբանությունն ու շեշտադրումները՝ առավել հասցեական դարձնելով պետության սոցիալական ծրագրերի իրականացումը:

Գալիք տարում անհրաժեշտ է իրավախախտումների դեմ պայքարը նոր բարձունքների հասցնել՝ զարգացնելով մաքսանենգության դեմ պայքարի գործիքակազմն ու հնարավորությունները: Մաքսային սահմանը պետք է դարձնել անտեսանելի պատնեշ, որին բախվելով կխորտակվեն բոլոր տեսակի հակաօրինական նկրտումները: Նախանշված բոլոր խնդիրների արդյունավետ և բարեհաջող լուծմամբ է պայմանավորված մեր երկրի տնտեսական անվտանգության ապահովումը:

Ցանկանում եմ, որ 2023 թվական մուտք գործենք պայծառ ապագայի նկատմամբ ամուր վստահությամբ: Համոզված եմ, որ մեր համակարգի առաքելության ճիշտ ընկալմամբ և համատեղ աշխատանքով հաջողությամբ կիրականացնենք բոլոր ծրագրերը:

Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ առողջություն, երջանկություն, բեղուն աշխատանք և նորանոր ձեռքբերումներ: Խաղաղություն և բարօրություն ձեր ընտանիքներին և մեր Հայրենիքին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել