Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Լեզվի կոմիտեն պարզաբանում է տարածել․
«Հարցը տարօրինակ թվաց հավանաբար շատերին։
Ի՞նչ մի հարցնելու բան է։ Ո՞վ չգիտի․ ամուրին չամուսնացած տղամարդն է, այրին՝ ամուսնուն կորցրած կինը։ Հիշենք թեկուզ Վարդան Այգեկցու՝ դեռ դպրոցից ծանոթ «Այրի կին և որդի» առակը։
Բայց արի ու տես, որ մենք որքան էլ համոզված լինենք ասվածում և այս բառերը գործածենք այդ նշանակությամբ, այնուամենայնիվ․․․
Այնուամենայնիվ, դրանք բազմիմաստ են, իմաստներից մեկով՝ հոմանիշ, և ամուրի-ն նշանակում է նաև այրի, այրի-ն՝ ամուրի։
Զարմանալի՞ է։ Գուցե։ Սակայն այդպես է։
Համոզվելու համար թերթենք բառարանները։
Սկսենք գրաբարից և կարդանք, թե ի՛նչ է գրված Ռուբեն Ղազարյանի «Գրաբարի բառարանում» (Երևան, 2000)․
ԱՄՈՒՐԻ – Դեռևս չամուսնացած տղամարդ կամ կին, այրի մնացած (էջ 49)։
ԱՅՐԻ – 1․ Ամուսինը մեռած և այլևս չամուսնացած կին, որբևայրի։ 2․ Կնոջից զրկված և այլևս չամուսնացած տղամարդ (էջ 62)։
Նայենք Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կազմած «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը» (Երևան, 1969)․
ԱՄՈՒՐԻ – 1․ Չափահաս տղամարդ կամ կին, որ ամուսնացած չէ։ 2․ Ամուրիին՝ չամուսնացածին վերաբերող՝ հատուկ (հատոր 1, էջ 61)։
ԱՅՐԻ – 1․ Ամուսինը մեռած, որբևայրի (մեծ մասամբ կանանց մասին) (հատոր 1, էջ 71)։
Այս բառերին գրեթե նույն բացատրությունն է տրված նաև Ստեփան Մալխասյանցի հայերեն բացատրական (Երևան, 1944) և Էդուարդ Աղայանի արդի հայերենի բացատրական (Երևան, 1976) բառարաններում։
Հարցը, տեսնում ենք, բնավ էլ տարօրինակ չէր, ինչպես թվաց առաջին հայացքից։
Անշուշտ, հարկ է ընդունել նաև, որ ներկայումս ամուրի-ն հիմնականում (եթե ոչ միշտ) գործածվում է «կին չունեցող տղամարդ», այրի-ն՝ «ամուսնուն կորցրած կին» իմաստով։
Թե ապագան ի՛նչ իմաստներ «կամրագրի» այս բառերին, դրանք կմնան հոմանիշներ, թե ամբողջովին կտարբերակվեն, ցույց կտա ժամանակը։