ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանեց դատարանի անհիմն որոշումը ու Լոռեցյանի նկատմամբ կիրառեց գրավ»։
—————————
Հիշեցնենք, որ կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել էին, այնուհետև՝ կալանավորվել։
ԱԱԾ-ն հայտնել է, որ 2019թ․ դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:
Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: