Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խափանման միջոցի ընտրության հարցի քննությունը։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնում է նրա ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը։
Հոկտեմբերի 17-ին ԱԱԾ քննչական դեպատամենտը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։
Պաշտոնատար անձը, որի մասին նշվում է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է։
ԲԴԽ-ն հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազության միջնորդությունները:
Փաստաբանի խոսքով՝ գործը վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի վստահորդներից մեկին, որի նկատմամբ կիրառվել էր գրավ։