Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել․ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյան

Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Տեղեկացնում եմ, որ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել իմ՝ որպես փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ, քանի որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննչական բաժնի կողմից ինձ՝ որպես փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանի ներգրավումը բանավոր կերպով մերժվել է, որպիսի պայմաններում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից առերևույթ խոչընդոտվել է իմ՝ որպես փաստաբանի, մասնագիտական գործունեությունը»,-նշել է նա:

———————

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել