Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը․ փաստաբան Գայանե Պապոյան

Փաստաբան Գայանե Պապոյանը ստանձնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի շահերի պաշտպանությունը։ Այս մասին հայտնում է Պապոյանը։

«Այս պահին գտնվում եմ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ստանձնել եմ իմ ընկեր, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի շահերի պաշտպանությունը։ Թեև նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիքը չհրապարակելու մասին, սակայն ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ ԲԱՑԱՐՁԱԿ կապ չունի։

Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Վստահ ենք, որ այս ամենը իշխանությունների պատասխանն է Էրիկ Ալեքսանյանին, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել սուր քննադատություններով, իրականացրել է պաշտպանություն հնչեղ քաղաքական գործերով, այդ թվում՝ «մարտի 1-ի» գործով, Արմեն Չարչյանի, Աղվան Հովսեփյանի, Վազգեն Մանուկյանի, Առուշ Առուշանյանի, Արմեն Գևորգյանի և այլոց գործերով։

Էրիկ Ալեքսանյանն այս ամենին վերաբերվում է ժպիտով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

———————

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել