Կառավարությունը վաղը հավանություն կտա «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։
Դրա նպատակը՝ բազմաբնակարան շենքի կառավարումը օրենսդրությամբ որպես մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկումը և բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանելու մասով Կառավարությանը լիազորող նորմի սահմանումն է:
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենք-շինություններից շուրջ 19 հազարը բազմաբնակարան շենքերն են, որոնք ընդհանուր առմամբ ունեն ավելի քան 444 հազար բնակարան: Ընդ որում, այս ցուցանիշը 9.6%-ով գերազանցում է հանրապետության բնակարանային ֆոնդում առկա անհատական բնակելի տների (ավելի քան 405 հազար) քանակական ցուցանիշը:
«Բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդը հանդիսանում է երկրի առանցքային ակտիվներից մեկը և պետությունը շահագրգռված է այդ ակտիվի պատշաճ սպասարկման, անվտանգ շահագործման, պահպանման ու արդիականացման հարցերում: Շենքերն ու շինությունները՝ այդ թվում բազմաբնակարան, շահագործման ընթացքում ձեռք են բերում ֆիզիկական և բարոյական մաշվածություն, ենթարկվում են տարբեր բնական և տեխնածին երևույթների և կրում դրանց բացասական ազդեցության հետևանքները, որոնց չեզոքացման կամ ազդեցության նվազեցման համար պահանջվում են որոշակի միջոցառումների իրականացում: Նման միջոցառումների ժամանակին չիրականացումը կամ թերի իրականացումը բերում է մաշվածության գործընթացի արագացման և հանգեցնում վնասվածության մնացորդային կուտակումների՝ վատթարացնելով շենքի տեխնիկական վիճակը (ընդհուպ մինչև անբավարար կամ վթարային):
Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինները գրեթե չեն ձեռնարկում օրենքով սահմանված կարգով շենքի պահպանմանն ուղղված պարտադիր իրականացման ենթակա միջոցառումներ՝ վտանգելով ոչ միայն շենքի ֆիզիկական գոյատևումը, այլ նաև մարդկանց առողջությունն ու անվտանգությունը:
Դրանց իրականացման հարցում առկա խոչընդոտներից է շենքերի պահպանման և շահագործման նկատմամբ որոշ իրավական և տեխնիկական հիմքերի բացակայությունը, ինչպես նաև շենքերի պահպանման, սպասարկման և անվտանգ շահագործման գործառույթներ իրականացնող համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող կամ վերապատրաստված անձանց խիստ անբավարար քանակը:
1991 թվականից հետո բնակարանային ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում ձևավորվել է ինստիտուցիոնալ նոր միջավայր, մասնավոր սեփականության գերակայությամբ` բազմաբնակարան շենքերի բնակարանների 99%-ը ներկայումս մասնավոր սեփականություն է:
Բնակարանային տնտեսության բնագավառում իրականացված բարեփոխումները անհրաժեշտություն առաջացրեցին վերակազմավորել բնակարանային ֆոնդի կառավարման ինստիտուցիոնալ համակարգը: Արդյունքում, բազմաբնակարան շենքի կառավարման առավել արդյունավետ ձև ընտրվեց շենքերի շինությունների սեփականատերերի կողմից կառավարման մարմինների, մասնավորապես, համատիրությունների ստեղծումը: Վերջիններիս հիմնական խնդիրը` հավաքագրել շենքերի սեփականատերերի միջոցները ու դրանք ուղղել սահմանված պարտադիր նորմերի շրջանակներում տվյալ շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման ու անվտանգ շահագործման ապահովմանը:
Այդուհանդերձ, այդ գործառույթն իրականացվում է հիմնականում ոչ պատշաճ, որում գերակշռող պատճառ է հանդիսանում բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների բացն, ինչն էապես սահմանափակում են առաջընթացի հնարավորությունները»,-նշվում է հիմնավորման մեջ: