Նենսի Փելոսին և Ալեն Սիմոնյանը մամուլի համար հանդես կգան հայտարարությամբ

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։ Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։

Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Փելոսիի այսմի մասին Ալեն Սիմոնյանը նշել էր․ «Իմ hրավերն է, բայց ես չեմ ուզում դա կոնկրետ վերագրվի, որովհետև այնուամենայնիվ դա քաղաքական որոշում է եղել։ Դա դեսպանի մեծ աշխատանքն է, դա քաղաքական թիմի մեծ աշխատանքն է։ Դա նաև գնահատական է ժողովրդավարության այն աստիճանի, որը Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի։ Շնորհակալ եմ խոսնակ Փելոսիին, որ չչեղարկեց իր այցը, այդ այցի մասին ես ավելի վաղ գիտեի, և ասեմ, որ նրա այցը ՀՀ-ում շատ մեծ դեր կունենա հենց անվտանգության առումով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել