Ադրբեջանի ԶՈՒ որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ․ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ

Եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ։ Այս մասին հայտնել է ԶՈՒ ԳՇ պետը՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»,-նշել է նա։

Էդվարդ Ասրյանի խոսքով՝ ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։

«Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն, որը՝ որպես առողջարանային կենտրոն, ունենալով տարբեր պետություններուց, երկրներից այստեղ հանգստացող անձնակազմ, ու ճոպանուղուն հարվածի արդյունքում ներկա դրությամբ Ջերմուկում պետություններից, երկրներից ներկայացուցիչներ չկան։

Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան, քանի որ տարհանում իրականացված չէր, ժողովուրդը և տարբեր երկրներից ներկայացուցիչներ քաղաքում էին»,-նշել է նա։

Ասրյանի խոսքով՝ հանցագործությունները (Ադրբեջանի ԶՈՒ կողմից) իրականացվել են հարձակման բոլոր ուղղություններով։  Դիվանագիտական ներկայացուցիչներից մեկը խնդրեց մանրամասներ ներկայացնել այդ հանցագործությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Ասրյանն ասաց, որ վերջում տեսանյութերը կփոխանցի նրանց։

«Միանշանակ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները որպես նշանակետեր ընտրել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ինչու, կարող եմ հիմնավորել, որովհետև սկզբից էլ նշեցի, որ Ջերմուկ քաղաքը միջազգային կարգավիճակով առողջարանային կենտրոն է, և թիրախավորելով Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդել է իրենց նպատակներից կարելի է նշել հիմնական կարևորը՝ լուրջ տնտեսական հարված հասցնել ՀՀ տնտեսությանը»,-նշել է ԳՇ պետը։

Ասրյանը հայտնեց, որ Ջերմուկից մինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11, 12 կիլոմետր․ «Այն ինչ ես ներկայացրել եմ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի մխրճման խորության մասով տեղի է ունեցել սկսած սեպտեմբերի 12-ից լույս 13-ի գիշերը մինչև հրադադարի ռեժիմ հաստատելը»։

Ի պատասխան այն հարցի, թե որքան է եղել ՀՀ տարածքում ամենախորը կետը, որ թիրախավորել է Ադրբեջանը, ԶՈՒ ԳՇ պետը նշեց․ «Ադրբեջանն իր գործողությունների արդյունքում նաև թիրախավորել էր Սևանա լճի ափին գտնվող Մարտունի քաղաքը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել