ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանն օգոստոսի 18-ին մասնակցել է Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ օգոստոսի 18-ին կազմակերպված քննարկմանը՝ նվիրված աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման օրենսդրական փոփոխություններին:
Միջոցառումը կազմակերպվել էր «Գյուղատնտեսության արդիականացումը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:
Միջոցառման նպատակն էր քննարկել և զարգացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) ոլորտում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակում առաջարկվող կարգավորումներն ու մեխանիզմները, մասնավորապես՝ ԱՀՈՒ կազմակերպման և ոլորտային հանձնաժողովների աշխատանքի մոդելի բարեփոխումները։
«2016-2017 թթ. սկսած լուրջ և ծավալուն աշխատանքներ են իրականացվել ծրագրի նորարարությունների ներդրման և փորձարկման տեսանկյունից, ինչի արդյունքում ծրագիրն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու անհրաժեշտություն կա՝ կարգավորելով նաև օրենսդրական և իրավական դաշտը: Օրենսդրական բարեփոխումների և լրամշակումների շրջանակում մշակել ենք աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման, դրա առանձնահատկություններին ուղղված կոնկրետ քայլեր և իրավական մոտեցումներ, որն էլ այսօր ներկայացվում է մասնագիտական շրջանակի քննարկմանը: Տարիների փորձը ցույց է տալիս, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կրթության կազմակերպման այն հիմնական մոտեցումներից է, առանց որի մենք չենք կարող ունենալ կարողությունների ու հմտությունների այն որակական արդյունքները, որոնք աշխատաշուկան ներկայում ակնկալում է պետական կառույցներից»,- ընդգծել է Արմենուհի Պողոսյանը:
Բացման խոսքում ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը նշել է, որ գերմանական դուալ ուսուցման համակարգը եվրոպական երկրներում փորձված և ամենատարածված մոդելներից է: Վերջինիս կողմից ներկայացվել են «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանում ՄԿՈՒ համակարգում ուսուցման այդ մոդելի տեղայնացման և ներդրման ողղությամբ կատարված աշխատանքները:
««Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մենք ԿԳՄՍՆ-ի, ինչպես նաև հանրային և մասնավոր գործընկերների հետ համատեղ աջակցում ենք Հայաստանում դուալ կրթության ներդրմանը և արդեն ունենք շոշափելի արդյունքներ: Այդ իսկ պատճառով տարիների ընթացքում կուտակված այդ փորձն այժմ նախատեսում ենք օգտագործել աշխատանքի վրա հիմնված ուսուցման բարելավման նպատակով: Մեր առաջնահերթություններից է օրենսդրական բարեփոխումների միջոցով կատարելագործել ԱՀՈՒ-ի կազմակերպման ամբողջ գործընթացը՝ սկսած կրթական ծրագրերի մշակումից մինչև կրթական վերջնարդյունքի ստուգումը՝ անշուշտ, մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությամբ»,- ասել է Արամ Բաբայանը:
ԳՄՀԸ ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանն ընդհանուր ակնարկ է ներկայացրել ԱՀՈՒ և դուալ կրթության բարեփոխմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
«Դուալ կրթության առանձնահատկությունն այն է, որ կրթական շրջափուլն իրականացվում է և՛ ուսումնական հաստատությունում, և՛ գործատու հանդիսացող կազմակերպությունում: Այսինքն՝ սովորողի հմտություններն ու ունակությունները ձևավորվում են հենց աշխատավայրում, և այս գործընթացում առավել կարևորվում է գործատուի դերը»,- նշել է Յուլիա Ստակյանը և հավելել, որ այս պահի դրությամբ գործում է «Զբոսաշրջություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ճշգրիտ ճարտարապետություն» և «Գինեգործություն» ուղղություններով 13 ծրագիր 13 ուսումնական հաստատություններում, որոնց մասնակցել է 647 ուսանող:
Oրենսդրական բարեփոխումների առանցքում ԱՀՈՒ համակարգի կատարելագործումն է, որն ուղղված կլինի աշխատաշուկայում պահանջված որակյալ մասնագետների պատրաստմանը, սոցիալական գործընկերության խթանմանը, մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու oգնություն» (HEKS/EPER) կազմակերպության կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային ու պարենային գիտությունների դպրոցի (HAFL) ներգրավվածությամբ: Նախապատրաստական փուլը ֆինանսավորվում է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից: