Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի’ քաղաքացիներ,
այսօր և վաղը մենք սգում ենք «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական աղետի հետևանքով կյանքից զրկված մեր հայրենակիցների հիշատակը:
Խորին ցավակցություններս եմ հայտնում այդ զարհուրելի աղետի զոհերի ընտանիքներին` ուժ և կորով ձեզ, վնասվածքներ ստացած քաղաքացիներին էլ շուտափույթ ապաքինում եմ մաղթում:
Ցավով պետք է արձանագրել, որ այս աղետը մեր անվտանգային համակարգի անթույլատրելի խոցելիության ցուցիչն էր: Նմանօրինակ դեպքերից մարդիկ իրենց անպաշտպան են զգում և կորցնում իրենց կապը պետության հետ, ավելի է պակասում առանց այն էլ փխրուն վստահությունը պետության և իշխանության նկատմամբ:
Այս աղետալի օրերին կեղծ ահազանգների միջոցով նաև փորձ է արվում թուլացնել մեր հասարակության և պետության զգոնությունն ու դիմադրողականությունը: Ցավալի է, որ տեխնոլոգիական հագեցվածության պայմաններում, այդ ահազանգներին դեռևս արձագանքում են նախորդ դարի մեթոդներով, ինչը պետական համակարգի անթույլատրելի թերացման վկայությունն է:
Սուրմալուի աղետալի դեպքերը պետք է սթափեցնող ազդակ լինեն պատկան մարմիններին ժամ առաջ ձևից անցնելու բովանդակությանը, տեսչական մարմինների որևէ արդյունք չտվող վարչարարությունը պետք է փոխարինել գործուն քայլերով, հակառակ պարագայում մեր քաղաքացին իրեն երբեք պաշտպանված չի կարող զգալ նման աղետներից»: