Լրահոսում որոշ ժամանակ է՝ շրջանառվում է մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ եւ իր որդու հայտնաբերման մասին լուրը, որը, ցավոք, կեղծ է։ Այս մասին հայտնում է ԱԻ նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Կրկին հորդորում ենք հետեւել ԱԻՆ տեղեկատվությանը, տուրք չտալ հույզերին, որքան էլ՝ ցանկալի լինի լսել հուսադրող լուրը։
Գործընկերներիս եւ լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել միայն բազմակողմանիորեն ճշտելուց եւ պաշտոնական հաստատում ստանալուց հետո։
Հ.Գ աշխատանքները շարունակվում են առանց դադարի»։
Նշենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել էր, որ Փրկարարները Սուրմալու առևտրի կենտրոնի փլատակներում ողջ մնացած մարդու են հայտնաբերել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։