Ներկա պահին չենք հաստատում լուրը, որ ողջ քաղաքացի կա․ Արմեն Փամբուխչյան

Ներկա պահին չենք հաստատում լուրը, որ ողջ քաղաքացի կա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Որոշ փրկարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներ ձայներ էին լսել, մենք հիմա տվյալ հատվածում իրականացնում ենք որոնողակա-փրկարարական աշխատանքներ։ Օգտագործում ենք հատուկ տեխնիկա, այսինքն տեսախցիկներ, որպեսզի տեղազննություն իրականացնենք։ Ներկա պահին այդ լուրը չենք կարող հաստատել։ Մեզ փոխանցել են, որ լսվել են ձայներ, մենք շտապ աշխատանքներ ենք իրականացնում»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ տարածքը նկուղային է և ենթադրվում է, որ այդ տարածքում կլինեն քաղաքացիներ։

Նախարարը նշեց, որ ներկա պահին փնտրում են 22 քաղաքացու։

«Փլուզված տարածքի 30 տոկոսն է մաքրվել։ Քիչ անց կլինի տեխնիկայի համալրում։ Մենք մեր ամբողջ ուժերը կենտրոնացրել ենք այդ հատվածում»,-նշեց Արմեն Փամբուխչյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Նշենք, որ անհետ կորած է համարվում 22 քաղաքացի, որոնցից 6-ը ԻԻՀ քաղաքացիներ են, իսկ մեկը՝ ՌԴ։
21։00-ի դրությամբ կա 7 զոհ և 60 տուժած քաղաքացի։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել