ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2022 թվականի օգոստոսի 15-ին իմ հանձնարարությամբ այց են կատարել «Էրեբունի» բժշկական կենտրոն, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժած քաղաքացիներին տեսակցելու, նրանց հիվանդասենյակների պայմանները, իրավունքների ապահովման վիճակին և այլ հարցերին ծանոթանալու նպատակով:
Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
«Բժշկական կենտրոնների տնօրենների տեղեկացմամբ՝ տուժած քաղաքացիների բուժօգնությունը տրամադրվում է անվճար:
Տուժած քաղաքացիներն իրենց գոհունակությունն են հայտնել բժշկական կենտրոնների մատուցած պատշաճ բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև հոգատար վերաբերմունքի համար:
Տեղի ունեցած ողբերգական դեպքի, դրա առաջացման պատճառների, իրավասու մարմինների կողմից հնարավոր թերացումների, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ եմ պահանջել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, ՀՀ գլխավոր դատախազությունից և այլ իրավասու մարմիններից։
Տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև հետագայում նման ողբերգական դեպքերից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով։
Ցավակցությունս եմ հայտնում զոհերի ընտանիքներին, ընկերներին և հարազատներին, պատահարի արդյունքում վիրավորում ստացած մեր հայրենակիցներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-նշվում է հայտարարության մեջ։