Պետությունը ստիպված կլինի հատուցել իր իրավապահ մարմինների անփութության հետևանքով Ուզբեկստանի քաղաքացիների կրած վնասները․ փաստաբանն ահազանգում է

Ահազանգ իրավապահ մարմինների անգործության մասին։ Փաստաբան Արսեն Սարդարյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Ցավոք պետք է նշեմ, որ մեր իրավապահ մարմինները՝ կատարման փուլում գտնվող ծանր հանցագործության մասին հաղորդում ստանալու պայմաններում, երբ հապաղումը իրական հնարավորություն է ստեղծում հանցագործների համար ավարտին հասցնել 124000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի հափշտակությունը և տիրանալ այդ գումարին, անհրաժեշտ ջանասիրություն չեն ցուցաբերում:

Այսպես, մեզ դիմած Ուզբեկստանի առևտրային ընկերությունը Հայաստանում գրանցված ընկերության հետ կնքել է շաքարավազի մատակարարման պայմանագիր, որի համաձայն Ուզբեկստանից Հայաստան է փոխանցել 124000ԱՄՆ դոլար:

Սակայն, դրանից հետո պայմանավորված վայրում շաքարավազի բեռնում չի իրականացվել և պարզվել է, որ մատակարարող ընկերությունը բեռնող պահեստի կեղծ հասցե է նշել, այնուհետև պարզվել է, որ կայքը նույնպես կեղծ է, և այդ կայքով բազմաթիվ այլ անձանց են խաբել: Համոզվելով, որ խարդախության զոհ է դարձել Ուզբեկստանի ընկերության տնօրենը դիմել է իր բանկին՝ հետ պահանջելով գումարը, այդ բանկը դիմել է միջնորդ բանկին, այն էլ իր հերթին՝ Արդշինբանկին: Բարեբախտաբար հանցագործները դեռևս հասցրած չեն եղել Արդշինբանկից գումարը կանխիկացնելու, փոխանցելու այլ հաշիվների կամ այլ կերպ տիրանալու և գումարը սառեցվել է:

Սակայն բանկերը պարզաբանել են, որ գումարը սառեցված վիճակում երկար չեն կարող պահել և անհրաժեշտ է խարդախության փաստով քրեական գործի հարուցում և քննիչի որոշում գումարի վրա արգելանք դնելու վերաբերյալ:

Խարդախության զոհ ընկերության տնօրենը ժամանել է Հայաստան և 20.06.2022թ. հաղորդում է գրել Գլխավոր դատախազին, որից հետո դիմել է մեզ, և փաստաբանական գրասենյակը՝ 21.06.2022թ. հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե և ՀՀ գլխավոր դատախազություն՝ կցելով հանցագործությունը հիմնավորող նյութեր՝ ապացույցներ:

Հաղորդման մեջ հստակ նշել ենք, որ ամեն օր կարող է բանկում դրված սառեցումը դուրս գա և հանցագործները ավարտին հասցնեն հանցագորոծությունը: Խնդրվել է անհապաղ հարուցել քրեական գործ, տուժած ընկերության տնօրենին հրավիրել հարցաքննության, կայացնել անհրաժեշտ որոշումներ: Նույնիսկ նշել ենք, որ հաղորդման մեջ դրված օտարալեզու փաստաթղթերը տվել ենք թարգմանության և չորեքշաբթի առձեռն կտրամադրենք վարույթ իրականացնող մարմնին՝ ժամանակ շահելու համար:

Սակայն չորեքշաբթի Քննչական կոմիտեում մեզ հայտնեցին, որ հաղորդումը և կից նյութերը ուղարկվել են Քրեական ոստիկանություն, իսկ քրեական ոստիկանությունում արդեն երրորդ օրն է ինչ հաղորդումը չի մակագրվել որևէ բաժնի և առկախ վիճակում է, հեռախոսով ասում են, որ հավանաբար հաջորդ շաբաթ կկապվեն մեր հետ: Այն պայմաններում երբ հաջորդ շաբաթ հնարավոր է Արդշինբանկը գումարը ապասառեցնի, իսկ հանցագործները այդ հանցավոր գումարը փոխանցեն այլ հաշիվների և կատարեն փողերի լվացում, իսկ տուժող ընկերությունը վերջնականապես կորցնի իրենից հափշտակված հսկայական գումարը հետ ստանալու հնարավորությունը:

Մեր քրեական ոստիկանության աշխատելաոճը անթույլատրելի է, և հնարավոր է, հետագայում պետությունը ստիպված լինի հատուցել իր իրավապահ մարմինների անփութության հետևանքով Ուզբեկստանի քաղաքացիների կրած վնասները»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել