Մաթևոս Ասատրյանը՝ ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին իր մասնակցության վերաբերյալ լուրերի մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մաթևոս Ասատրյանը հայտնել է, որ արդեն մի քանի ժամ մամուլում և որոշ անբարոյական քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ինքը կամ իր ընտանիքի անդամները մասնակցել են ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ։

Ֆեյսբուքյան իր էջում Ասատրյանը գրել է․

«Ակնհայտ է, որ մարդասպանությունը նվիրական հավատամք դարձրածները այս սուտ լուրերով փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց միջև։ Չի՛ հաջողվելու, սրիկաներ։

Ցավակցում եմ մահացածի հարազատին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին, վստահ եմ՝ շուտով գործն ամբողջությամբ կբացահայտվի։ Խոհեմություն բոլորիս»,-նշել է նա։

Միջադեպի մասին հայտարարություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը, որում նշվում է․ «Հունիսի 19-ին՝ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան:

Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել