Սերգեյ Մ.-ն 2022 թվականի փետրվարի վերջերին՝ նախնական համաձայնության գալով Կարեն Մ.-ի և Արկադի Թ.-ի հետ, Իջևան համայնքի «Աղջկա բերդ» կոչվող տարածքից մորթելու միջոցով գաղտնի հափշտակել է Սեյրան Ղ.-ին պատկանող շուրջ 500.000 դրամ արժողությամբ մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունը, որից հետո տեղափոխել են Երևան և Գումի շուկայում և վաճառելմի քաղաքացու: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Բացի այդ Սերգեյ Մ.-ն՝ կրկին համաձայնության գալով Արկադի Թ.-ի, Հովհաննես Մ.-ի և Կարեն Մ.-ի հետ, ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը «Այապի բաղ» կոչվող տարածքում, իրեն պատկանող մեկ փողանի 12 տրամաչափի որսորդական հրազենով կրակել է Արման Հ.-ին պատկանող երեք գլուխ գոմեշներին: Նրանք սպանված գոմեշները գաղտնի հափշտակել են և վաճառել Գումի շուկայում:
Գործը դատարան է ստացվել հունիսի 9-ին և մակագրվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանին:
Սերգեյ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասին 1,2 կետերի (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով) հատկանիշներով:
Նույնանման արարք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Արկադի Թ.-ին, Հովհաննես Մ.-ին և Կարեն Մ.-ին:
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: