Գործընկերուհուս՝ Մանուշ Եսայանի հետ իրականացնում ենք 2022թ-ի հունիսի 3-ի «զանգվածային անկարգությունների» գործով ձերբակալված 5 անձանց պաշտպանությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Նարեկ Ալոյանը։
«Այս ընթացքում արձանագրվեց հետևյալ պատկերը․
1․ Թվով 5 ձերբակալություններից 4-ը դատարանի կողմից ճանաչվեցին ոչ իրավաչափ, մյուս ձերբակալման իրավաչափությունը դեռևս քննության փուլում է,
2․ Անչափահաս (17 տարեկան) Ա․Խ-ին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը դատարանի կողմից մերժվեց,
3․ Պատերազմի մասնակից, պետական մի շարք մեդալներով պարգևատրված, մարտական ուղի անցած և խնամքին 2 անչափահաս երեխա ունեցող Ա․Ի-ին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը բավարարվեց մասնակի։ Որոշման դեմ արդեն իսկ ներկայացվել է վերքննիչ բողոք։
4․ Պատերազմի մասնակից, խնամքին երկու անչափահաս երեխա (3 ամսական և 3 տարեկան), ընտանիքի միակ կերակրող Ս․Ա-ին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը բավարարվեց մասնակի։ Որոշման դեմ արդեն իսկ ներկայացվել է վերքննիչ բողոք։
5․ Բացառիկ հայրենասեր և ստեղծագործ երիտասարդ Հ․Է-ին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը բավարարվեց մասնակի։ Դատավոր Տաթևիկ Մուրադյանը դեռևս որոշումը չի տրամադրել։
Քննչական մարմինը 4 քրեական գործերից որևէ մեկով լիարժեք արդյունք չկարողացավ արձանագրել։ Ավելին՝ 4 մեղադրյալներից յուրաքանչյուրի հետ անգամ կարճատև շփումը բավարար է հասկանալու համար, որ նշված անձինք «հանցագործ տեսակ» չեն, այլ հայրենասեր անհատներ են, ովքեր դուրս են եկել պայքարի հայրենասիրական մղումներից ելնելով։
Արդյունքում ծնվեց «Չալիկի» քրեական գործը։
Սկզբում տեղեկություն տարածվեց իբրև ցուցարարի կողմից օգտագործված առարկան եղել է մուրճ, այնուհետև մուրճը դարձավ մուրճին նմանվող փայտե ձողով և երկաթյա բռնակով առարկա, իսկ շուտով կդառնա ձեռնափայտ («Չալիկ»)։
Նպատակը պարզ է՝ ցուցարարներից կերտել հանցագործի կերպար, իսկ ոստիկաններին դարձնել տուժող։
Հատկանշական է, որ ենթադրյալ ցուցարարից «Չալիկը» խլող ոստիկանն այդ նույն «Չալիկով» խփում է ցուցարարին (տեսանյութը կտեղադրեմ մեկնաբանություններում)։
Ցուցարարը ձերբակալված է, ներկայացվել է նրան կալանավորելու միջնորդություն՝ ոստիկանը ոչ։
Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են…
Հ․Գ․ Ոստիկանի ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ այսօր ներկայացրել եմ հանցագործության մասին հաղորդում»,-նշել է նա։