Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելով անմեղության կանխավարկածը՝ մի քանի նկատառում այսօր ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված՝ դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքի բացահայտման մասին տեղեկատվության շուրջ սկսված անառողջ և անհիմն շահարկումների վերաբերյալ:
Առանձին լրատվամիջոցներ ակնհատորեն և համառորեն փորձում են տեղի ունեցածը կապել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի հետ՝ փորձելով տալ քաղաքական կամ որևէ այլ երանգավորում:
Ավելին, լրատվական հոսքերը փորձում են տանել այն ուղղությամբ, թե Վեհափառի շուրջ ինչ-որ գործընթացներ են «հյուսվում»՝ նաև նրա հարազատների նկատմամբ քրեական վարույթներ սկսելու միջոցով՝ այդ կերպ փորձ արանելով նրան թիրախավորելու տպավորություն ստեղծել:
Նման պնդումները, ակնարկները, ենթադրությունները որևէ հիմք չունեն և ուղղակի անմտության և մտագարության բացահայտ դրսևորում են՝ տեղի ունեցող հակակոռուպցիոն պայքարի գործընթացը մտացածին ինտրիգներով էժանացնելու և շղարշելու համար:
Կաթողիկոսին կամ որևէ այլ հայտնի կամ անհայտ մեկի հետ անձի բարեկամական կապ ունենալ-չունենալը որևէ դեր չունի և չի կարող ունենալ: Օրենքի առջև հավասար են բոլորը, հավասար են նաև օրենքի առջև պատասխանատվության հարցում, և որևէ բացառություն լինել չի կարող ու չի լինելու:
Եվ փոխանակ այս մոտեցման արմատավորման, դրա շարունակումը խրախուսելու, առանձին լրատվամիջոցներ, բնավորության համաձայն, ամեն ինչ տանում են էժան ինտիգների, անձնավորման տիրույթ:
Մինչդեռ ինչպես դատախազական համակարգի ներսում, այնպես էլ դրանից դուրս բոլորին քաջ հայտնի է նման երևույթների նկատմամբ (ու հատկապես դատախազների շրջանում), ՀՀ գլխավոր դատախազի բացարձակ անհանդուրժողական, խիստ և հետևողական վերաբերմունքը:
Եվ ցանկացած նմանատիպ դրսևորում արժանանալու է ամենախիստ հակազդեցության:
Ուստի հորդորում եմ դադարեցնել սկսած անհիմն և անտեղի շահարկումները:
Երկրորդ՝ լրատվադաշտ են սպրդում ակնհայտ կեղծ «մանրամասներ» կոնկրետ այս դեպքի վերաբերյալ, որոնք իրականության հետ առնչություն չունենալով, փորձում են ինչ-որ տրամադրություններ գեներացնել:
Մասնվոորապես, նշվում է այն մասին, թե իբր քրեական գործը հարուցվել է դատախազի սենյակում գաղտնալսման արդյունքում՝ այդ կերպ դիտավորյալ տպավորություն ստեղծելով, թե թիրախավորված մոտեցում է ցուցաբերվել: Չկա նման բան: Ոչ միայն նման թիրախավորվածություն չի եղել, այլ նաև առհասարակ նման միջոցառում չի կատարվել:
Իրականությանը չի համապատասխանում նաև տեղեկությունը, թե իրավապահները պատրաստվում են այսօր Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնել դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար:
Հուսով ենք՝ լրատվամիջոցներն այս տեղեկատվական խայծերը կուլ չեն տա»։
———–
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի 2022թ․ հունիսի 8-ի որոշմամբ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ hակակոռուպցիոն կոմիտե:
2022թ․ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից որոշում է կայացվել Կ․Ն․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ մեղադրանք առաջադրելու համար։
Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: