Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր Առողջապահության նախարարությունում տեղի ունեցածի վերաբերյալ Անահիտ Ավանեսյանի գրառմանը:
«Նախ դու հայրենիքի համար նահատակվածների աճյունները պահում ես անմարդկային պայմաններում,
Հետո այդ արարքի համար որևէ պատասխանատվություն չես կրում, պաշտոնավարումդ հիշարժան ես դարձնում բացառապես արտաբերած հիմարություններով` շարունակելով բացառապես անձնական շահերի համար կիսել հայրենադավության քաղաքական պատասխանատվությունը, Հետո երեսպաշտի նման մարդկանց մեղադրում ես, երբ քեզ հիշեցնում են քո արարքները:
Թե բա` «հերոսների մասունքների նկարները շաղ եք տվել հատակին»
Այո շաղ ենք տվել, ափսոս երեսին չեմ շպրտել: Շաղ եմ տվել, որ հատ-հատ հավաքի ու հիշի` ինչ է արել: Իր այս արարքը իրեն պետք է հետապնդի ամբողջ կյանքի ընթացքում:
Լավ, դու ի՞նչ պիտի լինես, որ այդ նկարները տեսնելուց հետո հրաժարական չտաս, շարունակես պաշտպանել հայրենադավ քաղաքական գիծը ու մի հատ էլ առողջապահության նախարար լինելով «հոգիդ փառավորվի», երբ ոստիկանությունը բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառում ու դու հանդգնես դրա մասին բարձրաձայնել:
Հ. պաստառով նկարը մասունքների այս նկարի ցանցում հայտնվելու հաջորդ օրվա ցույցից է: Շատ կուզեի, որ նկարներ շաղ տալու անթույլատրելիության մասին խոսող հայրենակիցներս այդ օրը այդտեղ լինեին: Գուցե միասին կարողանայինք ստիպել, որ մարդկային հատկանիշներ չունեցող հերթական նախարարի պաշտոն զբաղեցնողը հրաժարական տար:
Իսկ պաստառի վրա գրված հարցը մնում է ակտուալ»,- գրել է նա:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Աննա Մկրտչյանի և Ասպրամ Կրպեյանի հետ գնացել էին Անահիտ Ավանեսյանին ասելու, որ «իրենք կրում են ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում հունիսի 3-ի դեպքերի ժամանակ ոստիկանների գործողություններն ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ, Ավանեսյանը ասել էր․ «Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Պետք է նշել, որ իսկապես երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականացնում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»։