Հայ աշակերտների ստեղծած սարքը կուղարկվի տիեզերք

«Այբ» ավագ դպրոցը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի հաղթող։ «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը որպես մրցույթի հաղթող կուղարկվի տիեզերք։ Թռիչքը նախատեսվում է հունիսին տիեզերք դուրս եկող ենթաուղեծրային հրթիռից։

Մրցույթին մասնակցել են 12-21 տարեկան հայ պատանիներ և երիտասարդներ: Եզրափակիչ փուլ անցել էին 3 թիմ (Ad Astra, AYAS, GDL), որոնք էլ ներկայացրին իրենց ստեղծած սարքը եզրափակիչ ընտրության համար։

«Այբ» դպրոցի Ad Astra թիմի անդամներն են 12-րդ դասարանի աշակերտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը և 11-րդ դասարանցի Դավիթ Վանյանը, մենտորներն են ինժեներական ակումբի ղեկավար Վազգեն Գաբրիելյանը և ռոբոտաշինության լաբորատորիայի աշխատակից, «Այբ» դպրոցի շրջանավարտ Ռուբեն Քերոբյանը։

«Այբ» դպրոցի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվելու է ենթաուղեծրային հրթիռում և ուղարկվելու բաց տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն հատելու է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։ Վերջին երկու չափումները կատարող սենսորները նախատեսվել և առաջարկվել են AYAS թիմի կողմից և ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին ետ է ընկնելու։

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտները մրցույթում հաղթելու շնորհիվ նաև հնարավորություն կունենան մասնակցելու «Ստարմուս» գիտական 6-րդ միջազգային փառատոնին։

2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթը Bazoomq Space Research Lab-ի և HyeTech կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։

«Այբ» ավագ դպրոցն առաջին կրթական սոցիալական նախաձեռնությունն է
Հայաստանում։ Աշակերտների 75%-ից ավելին ստանում է ֆինանսական աջակցություն։ Սա նշանակում է՝ որևէ աշակերտ, որ ընդունվում է «Այբ» ավագ դպրոց, այստեղ սովորելու հնարավորությունից չի զրկվում ընտանիքի վճարունակության պատճառով։

Դպրոցում մատուցվող «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի բաղադրիչներից է նախագծային ուսումնառությունը (project-based learning), որը «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ: Աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել