Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սերգեյ Ասատուրովը ազատության մեջ է:
Դատարանը (նախագահող դատավոր Գ.Պողոսյան) բավարարելով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի և իմ ձերբակալման բողոքը Սերգեյ Ասատուրովի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, որից հետո մերժեց քննիչի կալանավորման միջնորդությունը:
Սերգեյ Ասատուրովի պաշտպաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Էրիկ Ալեքսանյան,
Աբգար Պողոսյան,
Լուսինե Հովհաննիսյան,
Հովհաննես Խուդոյան»,- գրել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հունիսի 3-ին քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից հետո բերման են ենթարկել իր ընկերոջը՝ Սերգեյ Ասատուրովին։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, որից հետո երթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ էլ կանգ առան:
Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էլ՝ դիմելով հավաքված ոստիկաններին, կոչ արեց բացել ճանապարհը, որպեսզի շարժման մասնակիցները կարողանան այդ կողմով շարժվել Ազգային ժողով, որից հետո քաշքշուկ և հրմշտոց սկսվեց ոստիկանների և շարժման մասնակիցների միջև: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։