ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հունիսի 3-ին քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից հետո բերման են ենթարկել իր ընկերոջը՝ Սերգեյ Ասատուրովին։
«Ոստիկանական կազմկերպված սադրանքից, ծեծ ու ջարդից հետո, Ֆրանսիայի հրապարակի շրջակայքից լպիրշ և լկտի ձևով բերման են ենթարկել ընկերոջս՝ Սերգեյ Ասատուրովին՝ հասցնելով նրան գանգուղեղային վնասվածք:
Այնուհետև՝ ակնհայտ անհիմն ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ձերբակալելու որոշում կայացրել: Սերգեյը, ով արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, անմնացորդ ու անշահախնդիր պայքարում է հանուն Հայաստանի և Արցախի: Եթե սրանց թվում է, թե նման ստորություններով կարող են կոտրել մեզ՝ չարաչար սխալվում են:
Միություն, պայքար, հաղթանակ»:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, որից հետո երթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ էլ կանգ առան:
Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էլ՝ դիմելով հավաքված ոստիկաններին, կոչ արեց բացել ճանապարհը, որպեսզի շարժման մասնակիցները կարողանան այդ կողմով շարժվել Ազգային ժողով, որից հետո քաշքշուկ և հրմշտոց սկսվեց ոստիկանների և շարժման մասնակիցների միջև: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտել էր նիստը, որի արդյունքում այն տեղի չունեցավ:
- Գլխավոր լուսանկարում՝ Լևոն Քոչարյանը,
- նյութում՝ Սերգեյ Ասատուրովի նկարը՝ ֆեյսբուքյան իր էջից