Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքի է անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։
Համալսարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ Թաթոյանը հուլիսից լրիվ դրույքով կաշխատի ՀԱՀ հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջում։
Արման Թաթոյանը 2011-ից դասավանդում էր Ամերիկյան համալսարանում որպես այցելու դասախոս։
Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ 2005թ.-ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ որպես քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: Դասավանդվող առարկաներն են՝ «Արդարադատության համակարգը ՀՀ-ում», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները քրեական դատավարությունում», «Հարկադրանքի միջոցները ՀՀ քրեական դատավարությունում» և «ՀՀ քրեական դատավարություն»:
2013թ.-ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA)` անգլերեն լեզվով: Դասավանդվող առարկաներն են՝ «Մարդու իրավունքների ներածություն» և «ՀՀ արդարադատության համակարգի ներածություն»:
2014թ.-ից Արդարադատության ակադեմիայում իրականացնում է «Քրեական դատավարության արդի հիմնահարցերը», «Մինչդատական վարույթի սուբյեկտների հարաբերությունները» ծրագրերով դասավանդում: Նույն սկզբունքով դասավանդել է նաև Դատական, ինչպես նաև՝ Դատախազության դպրոցներում:
Հեղինակ և համահեղինակ է 3 գիտական մենագրության և շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով):